ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ալերգիկ խնդիրների պարագայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար որևէ հակացուցում չկա:
Այս մասին այսօր հրավիրված մումուլի ասուլիսում նշեց ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, Հերացի համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը:
Նրա խոսքով՝ հիվանդության սուր փուլում խորհուրդ է տրվում հետաձգել պատվաստումը:
«Եթե ցանկացած հիվանդություն գտնվում է սրացման փուլում, խորհուրդ չի տրվում պատվաստվել: Մնացած բոլոր դեպքերում հակացուցումներ չկան»,-ընդգծեց մասնագետը:
Հակոբյանը նշեց նաև, որ բավական մեծ է այն մարդկանց թիվը, որոնք ասում են, որ ունեն այս կամ այն ալերգիկ հիվանդությունը և այդ դեպքերում պատվաստվելը հակացուցված է:
Загружается новость ... "Лево"
«Այս առնչությամբ ուզում եմ ասել, որ մենք ունենք ցուցումների վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող գործելակարգ: Ասեմ, որ որպես բացարձակ հակացուցում կարող է լինել միայն առաջին դեղաչափից առաջացած ալերգիկ ռեակցիան»,-ասաց փորձագետը:
Նրա խոսքով՝ իրենց դիմած բուժառուների մեծ մասը, ովքեր ունեցել են ալերգիկ ծանր դրսևրումներ, գնում և ստանում են իրենց հասանելիք պատվաստումը: Եվ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո ի հայտ չեն եկել սուր, ծանր ալերգիկ դրսևորումներ:
Մանագետը նշեց նաև, որ պատվաստվելուց առաջ հավելյալ հետազոտությունների անհրաժեշտություն չկա:
«Աշխարհում նման պրակտիկա չկա, որ պատվաստումից առաջ նախապես ալերգոլոգիական հետազոտություն անցնեն: Ամեն դեպքում, բուժառուների շրջանում կան մարդիկ, որոնք վախենում են, խուսափում են և չեն համաձայնվում պատվաստման, քանի որ բավական շատ է խեղաթյուրված, ոչ ճշգրիտ ինֆորմացիան»,-ընդգծեց Հակոբյանը:
Ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանի խոսքով էլ լինում են դեպքեր, երբ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին բուժօգնության առաջին օղակում չեն խրախուսում դա անել, եթե ունեն ալերգիկ խնդիրներ:
«Դժվարանում եմ ասել, թե ինչու է այդպես, որովհետև մի շարք միջոցառումներ են անցկացվել առաջին օղակի բժիշկների համար՝ հասկանալու, թե ինչպես տարբերակել, թե որ դեպքերում ինչից զգուշանալ և այլն: Հավանաբար դա պատասխանատվությունից խուսափելու ձև է: Կարող եմ ասել, որ մեր բուժառուների շրջանում կան շատերը, որոնք պատվաստվել են ու ալերգոլոգիական բարդություններ չենք ունեցել», – ասաց Իրիցյանը:
Մասնագետի խոսքով՝ տեղային կարմրածություն կամ նման դրսևորումներ հաճախ են լինում պատվաստվելուց հետո, սակայն դրանք բացարձակ խոչընդոտ չեն հանդիսանում:
«Պատվաստվելուց առաջ հավելյալ հակաալերգիկ դեղամիջոցներ ընդունելու անհրաժեշտություն ևս չկա, դրանք բոլորն անիմաստ ու անարդյունավետ են»,-նշեց Արմինե Հակոբյանը:
Մասնագետները հավելեցին նաև, որ ամբողջ աշխարհում 7 մլրդ-ից ավելի մարդ գոնե առաջին դեղաչափ պատվաստվել է և հսկայական ինֆորմացիա է հավաքագրվում ռեակցիաների վերաբերյալ:–0–