Միաժամանակ 3 տարբեր տեղակայմամբ լեգիոնելոզի բռնկումներ են գրանցվել․ ԵՊԲՀ ռեկտոր

19.08.2024, 13:49
Մարդիկ կարող են վարակվել նաև աղտոտված լողավազաններից և նույնիսկ օդից
Միաժամանակ 3 տարբեր տեղակայմամբ լեգիոնելոզի բռնկումներ են գրանցվել․ ԵՊԲՀ ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Միաժամանակ 3 տարբեր տեղակայմամբ լեգիոնելոզի բռնկումներ են գրանցվել Միլանում (Իտալիա), Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), Մելբուռնում (Ավստրալիա): 

Այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը Facebook–յան էջում։

Միլանում արձանագրված բռնկումը մեծ հավանականությամբ կապված է հարուցչի ջրային փոխանցման հետ: Բռնկումը սկսվել է 2024 թվականի ապրիլի 11-ին, երբ ախտորոշվել է 1-ին դեպքը: Հետագայում Իտալիայի Լոմբարդիա շրջանում ախտորոշվել է հիվանդության առնվազն 49 դեպք, հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման Եվրոպական կենտրոնը (ECDC): 

Կազմակերպությունը նշում է, որ թվերը ամփոփվել են 2024 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ: Հաստատված 49 դեպքից 12-ը բուժում են ստանում հիվանդանոցներում, իսկ 3-ը մահացել են: 

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), լեգիոնելլաներն առավելապես փոխանցվում են բաղարկված ջրի շիթերի ներշնչման միջոցով: Մարդիկ կարող են վարակվել նաև աղտոտված լողավազաններից և նույնիսկ օդից` օդորակման համակարգերի միջոցով: Լեգիոնելլա բակտերիաները կարող են երկար պահպանվել ծորակների և ցնցուղների մեջ: 

Համաձայն ԱՀԿ-ի տվյալների լեգիոնելոզ հիվանդությունից մահացությունը կախված է հիվանդության ծանրությունից, հակաբիոտիկների օգտագործումից, փոխանցման գործոնից և պացիենտի մոտ ուղեկցող հիվանդությունների առկայությունից, ներառյալ` իմունային համակարգի անբավարարությունը: 

Մահացության մակարդակը կարող է հասնել 40-80%-ի իմունային անբավարարություն ունեցող պացիենտների մոտ, ովքեր բուժում չեն ստանում, և, ընդհակառակը, պատշաճ վարմամբ ցուցանիշը կարող է կրճատվել մինչև 5-30%՝ կախված կլինիկական նշանների և ախտանիշների ծանրությունից: 

Ընդհանուր առմամբ, մահացության մակարդակը սովորաբար կազմում է 5-10%: 

Տարբերում են լեգիոնելոզ հիվանդության 5 հիմնական ախտանիշներ, որոնց պետք է ուշադիր լինել`

• Հազ

• Շնչարգելություն

• Կրծքավանդակի ցավ, մկանացավ կամ անհանգստություն, հատկապես շնչառության կամ հազի ժամանակ

• Բարձր ջերմության առկայություն

• Գրիպանման ախտանիշներ 

Կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում պարբերաբար ախտահանել տնային օդի լավորակման սարքերի զտիչները (ցանկալի է քլոր պարունակող ախտահանիչներով), ցնցուղների և ծորակների դեպքում ջուրը բաց թողնել առնվազն 2-3 րոպեի ընթացքում, այնուհետև օգտագործել` անգամ կենցաղային նպատակներով: