ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Ողբերգական միջադեպի հետևանքով» մահացել է VK–ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը, նրա հետ միասին մահացել է ընկերության գնումների գծով մենեջեր Սերգեյ Մերզլյակովը։ Այս մասին
ՌԲԿ–ին հայտնել է VK–ի մամուլի ծառայությունը։
Նենեցի ինքնավար օկրուգի եղջերվաբույծերի միությունն ավելի վաղ հայտնել է, որ Գաբրիելյանը և ևս մեկ մարդ անհետ կորել են Նենեցի ինքնավար օկրուգում գտնվող Շոյնա գյուղի մոտակայքում։
Եղջերվաբույծերի միության տվյալներով, Գաբրիելյանը և նրան ուղեկցող երեք անձինք ամենագնացներով շարժվել են Սպիտակ ծովի երկայնքով։ Բուգրյանիցա գետի վրա ամենագնացները շրջվել են և նրանց քշել է դեպի ծովը, ինչի հետևանքով Գաբրիելյանն ու Մերզլյակովն անհետ կորել են, նրանց հետ եղած Ալյոնա Գաբրիելյանն ու Սերգեյ Օլսևիչը կարողացել են ափ դուրս գալ։
«Մարմինները գտել են։ Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտված են։ Փրկվածները գտնվում են Նարյան Մարում», – ՌԲԿ–ին հայտնել է Նենեցի ինքնավար օկրուգի «Լիզա Ալերտ» որոնողափրկարարական ջոկատի կամավոր Վլադիսլավ Վիուչեյսկին։–0–