ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հռոմի Ֆրանցիսկոս Պապն իր զորակցությունն է հայտնել Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի մահը սգացողներին։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել նախօրեին Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության համար։ Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին։ Նրանք ցանկացել են պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը, այդ ժամանակ ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ: Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում մահացել է, վայրկյաններ անց մահացել է նաև Տեր Հովսեփ քահանա Պետոյանը։ Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն, ով ուղեկցել է հովվապետին և նրա հորը, վիրավորվել է։
«Մտքով Ղամիշլիի հայ կաթոլիկ համայնքի հետ եմ, որտեղ մարդիկ հավաքվել են իրենց հոգևոր հովվի ` Տեր Հովսեփ քահանա Պետոյանի հուղարկավորությանը, ով սպանվել է նախօրեին հոր հետ միասին։ Ես աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների և Սիրիայի բոլոր քրիտոնյաների համար», – գրել է Հռոմի Պապը Twitter–ի իր էջում։–0–