ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամեն տարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելում են մոտ 100 հազ. մարդ, այսօր լրագրողներին հայտնեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
«2019թ.-ին Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուների թիվը՝ 2018թ.-ի համեմատ, ավելացել է 6-7 հազարով: Ընդ որում այցելուների 90%-ից ավելին արտասահմանցիներ են»,- ասաց նա:
Մարությանը նաև նշեց, որ այցելուների միայն 5%-ն է սփյուռքահայ:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Չեխիայի խորհրդարանը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը և այլ երկրների խորհրդարաններ: -0-