Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան

06.03.2024, 10:25
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո։

«Հայաստանը ցավում է Գազայում ռազմական գործողությունների սրման հետևանքով տասնյակ հազարավոր անմեղ զոհերի փաստի կապակցությամբ: Մենք ինքներս վերապրել ենք քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումների արհավիրքը և միանում ենք Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին», – նշել է Փաշինյանը։

Նա այս հարցում բարձր է գնահատել Եգիպտոսի կողմից իրականացվող քայլերը՝ մարդասիրական օգնության անխափան մուտքը Գազա ապահովելու, վիրավոր պաղեստինցիներին ընդունելու և օտարերկրացիներին տարհանելու հարցերում։

«Մենք նաև քննարկեցինք և Եգիպտոսի մեր գործընկերների աջակցության ու խորհրդատվության կարիքը ունենք` մեր կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված, և շնորհակալություն նախագահ աս-Սիիսին` այս հարցում օգնության պատրաստակամության համար: Արտգործնախարարներն այս հարցով կզբաղվեն: Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին», – նշել է Փաշինյանը։-0-