ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Դեսպան Թիենն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ: Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից անդրադարձ է կատարվել նաև ՉԺՀ Հուբեի նահանգում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացող խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հայտնել է, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՉԺՀ տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված շուրջ 400 ՀՀ քաղաքացիների հետ, որոնցից 7-ը ներկայումս գտնվում են Հուբեի նահանգում: ՀՀ դեսպանության կողմից նաև քայլեր են ձեռնարկվում հնարավորության սահմաններում ՀՀ քաղաքացիների հարցերին և խնդիրներին արձագանքելու ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նաև հավելել է, որ ՀՀ ԱԳՆ-ն և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակաբար կապ են պահպանում ՉԺՀ կառավարության և այլ գործընկեր երկրների, դրանց դեսպանությունների հետ ՀՀ քաղաքացիների տարհանման հարցի կապակցությամբ:
2019-nCoV կորոնավիրուսի հիվանդացության առաջին դեպքերը գրանցվել են Չինաստանում նախորդ տարվա դեկտեմբերին։ Վարակի դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ–ում, Ճապոնիայում, Կորեայում, Թաիլանդում, Ավստրալիայում։ Չինաստանից դուրս գրանցված բոլոր դեպքերն արձանագրվել են զբոսաշրջիկների մոտ, ովքեր եղել են Չինաստանի Հուբեյ նահանգում և նրա վարչական շրջանում` Ուհան քաղաքում, որտեղ Չինաստանի իշխանություններն արդեն հայտարարել են կարանտին և փակել քաղաքը։
ԱՀԿ–ի տվյալներով, աշխարհում չկա արտակարգ իրավիճակ վիրուսի տարածման կապակցությամբ, նման իրավիճակ է դեռ միայն Չինաստանում։ ԱՀԿ–ի ուսումնասիրության համաձայն, վիրուսի տարածման հիմնական աղբյուրն Ուհանի ծովամթերքի շուկան է, և բացառված չէ, որ վիրուսը փոխանցվել է մարդուն ծովամթերքից կամ վայրի կենդանուց։–0–