Գենետիկները տվյալներ են բացահայտել, որ հայոց լեզուն իսկապես հնդեվրոպական խմբի մաս է կազմում

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Գենետիկների միջազգային թիմը լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել բրոնզեդարյան պոպուլյացիաների գենոմների վերաբերյալ և բացահայտել է գենետիկ բաժանում Արևելյան և Արևմտյան Միջերկրական ծովի բնակչության միջև՝ կապված տափաստանային միգրացիայի տարբեր ալիքների հետ:
Նոր տվյալները հաստատում են վարկածները հնդեվրոպական լեզուների խմբի ծագման մասին, որում ներառված է նաև հայերենը։
Ինչպես գրում է «Наука» հրատարակությունը, հետազոտությունն ընդգրկում է 13 երկրի 2403 հնագույն գենոմ։ Հաստատվել է, որ Արևելյան Միջերկրական ծովում Հունաստանի և Հայաստանի բնակչությանը գրեթե ամբողջությամբ փոխարինել են «տափաստանային մարդիկ»՝ «Յամնայա» կոչվող մշակույթի ներկայացուցիչները։
Այս ավելի հին մշակույթը (մոտ մ.թ.ա. 3500–2500թթ․) գոյություն է ունեցել Պոնտիկ-կասպյան տափաստանում (ժամանակակից Ուկրաինայի Ռուսաստանի և Ղազախստանի հյուսիս)։ «Յամնայա» մշակույթի ներկայացուցիչներն առաջինն էին, որ ընտելացրեցին ձիերին, օգտագործեցին կառքեր և վարում էին ակտիվ քոչվորական ապրելակերպ։
Գիտնականները բացահայտել են գենետիկ և մշակութային հստակ բաժանում արևմտյան և արևելյան միջերկրածովյան պոպուլյացիաների միջև, որը համապատասխանում է տարբեր լեզվական ճյուղերի մասին վարկածներին, ինչպիսիք են իտալա-կելտականը և հունա-հայերենը:
Հունաստանում տափաստանային ազդեցությունը համընկնում է միկենյան քաղաքակրթության ծաղկման (մ.թ.ա. XV-XIII դդ.), իսկ Հայաստանում՝ Կուր-Արաքսյան մշակույթի անկման (մ.թ.ա. IV-III հազարամյակ) և Թրիալեթի մշակույթի առաջացման (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբին) հետ:
Այս արդյունքներն առանցքյաին տվյալներ են ներկայացնում հին աշխարհի միգրացիաների և լեզվական խմբերի ուսումնասիրության համար՝ հաստատելով կապ գենետիկայի և լեզվաբանության միջև։