ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կանացի գեղեցկությունը բոլոր ժամանակներում գնահատվել է, սակայն ինչպես հայտնի է, յուրաքանչյուր մարդ ունի իր անհատական ճաշակը:
Տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր երկրներում կատարյալ են համարվել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ամբողջովին տարբեր կերպարներ:
Օրինակ եգիպտացիները սիրում էին նրբագեղ և սլացիկ մարմին ունեցող աղջիկների՝ հաստ շուրթերով և նշաձև աչքերով: Հին հույներն էլ սիրում էին ձիգ, աթլետիկ կազմվածք ունեցող կանանց՝ ուղիղ քթով և մեծ աչքերով:
Միջնադարում իսկական գեղեցկուհու ընդունված չափանիշ էր հոգևորապես հասուն և խոնարհ աղջիկ լինելը: Առաջին տեղում էր հոգու գեղեցկությունը, իսկ որպես գեղեցկության արտաքին չափանիշ ընկալվում էին փոքրիկ շուրթերն ու երկարավուն դեմքը:
Սակայն այսօր գեղեցկության չափանիշներն ու պատկերացումներն մի փոքր ուրիշ են:
Այսօր կազմակերպվում եմ գեղեցկության բազմաթիվ մրցույթներ, որտեղ մասնակիցները պետք է հնարավորինս գեղեցիկ ու ներկայանալի լինեն:
«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը զրուցել է տարբեր տարիներին գեղեցկության մրցույթների մասնակցած հայուհիների հետ՝ հասկանալու, թե ինչու են մասնակցել այդ մրցույթներին, և որոնք են գեղեցիկի ընկալման իրենց չափանիշներն ու պատկերացումները:
Լուսինե Բարսեղյան. 2021 թ.-ի «Միսս Արմենիա» մրցույթի մասնակից
Մանկուց երազել եմ մասնակցել գեղեցկության մրցույթների և դառնալ հանրաճանաչ մոդել, մասնակցել Victoria’s Secret–ի ցուցադրությանը: Շատ եմ ցանկացել մասնակցել մրցույթների, սակայն տարիքս համապատասխան չի եղել: Երբ դարձա 17 տարեկան, տեսա հայտը, որոշեցի գրանցվել և փորձել:
Ամեն դեպքում ուզում էի փորձել: Ինչո՞ւ ոչ՝ ինձ համարում եմ գեղեցիկ: Բայց ինձ համար գեղեցկությունը ոչ միայն մարդու արտաքին տեսքն է, այլ նաև նրա ներքին աշխարհը:
Ծնողներս շատ դրական արձագանքեցին, աջակցեցին ինձ և մինչև օրս էլ աջակցում են:
Կան մարդիկ, որոնց վրա մրցույթներում պարտությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ: Դա կախված է մարդուց: Բայց դա իմ մասին չէ ասված: Ես ուրախ կլինեմ հաղթողի համար, իսկ նրանք, ովքեր էլ չեն հաղթի, չի նշանակում, որ գեղեցիկ չեն, կամ մրցույթն իրենց համար չէր։ Նրանք պետք է պայքարեն, հասնեն ավելիին և երբեք չհիասթափվեն: Մրցույթով չի որոշվում գեղեցիկ լինելը։
Զառա Թորիկյան. 1996 թ.-ի «Միսս Արմենիա» մրցույթի մասնակից
Իրականում, ես չեմ որոշել մասնակցել մրցույթին, երևի այդպես որոշված էր...
Իսկ եթե լուրջ՝ ինձ մետրոյում մի տղա էր մոտեցել, առաջարկել, որպեսզի մասնակցեմ «Միսս Հայաստան» մրցույթին, իհարկե շատ գայթակղիչ էր, բայց ես ասացի՝ կմտածեմ, քանի որ ծնողներս հաստատ դեմ կլինեին: Այդ ժամանակ էլ աշխատում էի նաև մոդել, ու այնպես է ստացվում, որ իրենք գալիս են, ու հենց մեզ են ընտրում: Կարծում եմ և բոլորն են այդպես կարծում, որ իրենք այն միակն են, ում պետք է ընտրեն:
Իսկ ծնողներս ինչպե՞ս արձագանքեցին....Մայրս կտրականապես դեմ էր, հայրս`ոչ: Հայրիկիս թույլտվությամբ էլ մասնակցեցի...դե պատկերացրեք 1996 թվական, պատերազմից հետո, այն ժամանակ ամեն ինչ սահմանափակ էր, մտածելակերպն այլ էր: Սակայն իմ ինքնագնահատականի անկման վրա դա որևէ կերպ չի ազդել, թողել է միայն դրական ազդեցություն, 19 տարեկան աղջկա համար դա մի նոր կյանքի փորձ էր:
Այս ոլորտում հաճախ են լինում դեպքեր, երբ մրցակիցները փորձում են խոչընդոտներ ստեղծել: Անկեղծ ասած նման խնդիրների, իհարկե, բախվել են բոլորը։ Իմ կարծիքով, արդեն իսկ որոշված էր՝ ով որ տեղում է լինելու, քանի որ նման խոսակցություններ լսում էինք: Իմ գնահատմամբ՝ այդ տարվա հաղթողի հարցում այդքան էլ ճիշտ ընտրություն չկատարվեց, բայց ինչևէ:
Այն ժամանակ 19 տարեկան էի, բայց եթե հիմա ունենայի հնարավորություն, նորից կմասնակցեի: Մեզ համար ոճաբանները հատուկ ընտրում էին՝ ինչ պետք է կրեինք, ասում էին , որ սա պետք է հագնենք և վերջ: Իսկ այդ տարիքում մեզ համար դա ոգևորող էր:
Միլենա Դավթյան. 2021 թ.-ի «Միսս Արմենիա» մրցույթի մասնակից
Մրցույթին մասնակցելու ցանկությունս շատ վաղուց է եղել, սակայն տարիքս թույլ չէր տալիս, և անհամբեր սպասում էի 18 տարիս բոլորելուն, որպեսզի կարողանամ մասնակցել։ Գեղեցկության մրցույթին մասնակցելը իմ մանկության երազանքներից մեկն է եղել: Մրցույթին մասնակցում եմ հաղթելու նպատակով, սակայն չէի մտածում, որ ես եմ միակ հաղթողի հավակնորդը։ Բոլոր աղջիկները յուրովի գեղեցիկ են, սակայն ես ունեմ հստակ նպատակ և փորձում եմ ամբողջ ուժերս կենտրոնացնել դրան հասնելու համար։
Ծնողներիս տեղյակ եմ պահել մրցութին հայտագրվելուց հետո: Նրանք ողջունեցին իմ որոշումը և մինչև օրս ինձ քաջալերում ու խրախուսում են։ Ցանկանում էի նախընտրական փուլն անցնել, հետո միանգամից տեղեկացնել , որ անցել եմ, ոչ թե հայտագրվել, բայց եթե նախապես էլ ասեի, հաստատ դեմ չէին լինի:
Միանշանակ մրցույթները կարող են ազդեցություն ունենալ մարդու ինքնագնահատականի վրա։ Մրցույթին մասնակցելուց առաջ ինքնագնահատականի խնդիր չեմ ունեցել: Հաղթելու կամ պարտվելու դեպքում, կարծում եմ, ինձ մոտ որևէ փոփոխություն չի լինի, քանի որ գիտակցում եմ ՝ ընդամենը մրցույթ է, ամեն բան էլ հնարավոր է։
Էլեն Սիմոնյան. 2019 թ.-ի «Միսս Արմենիա» մրցույթի մասնակից, «Միսս համերաշխություն» տիտղոսակիր
15 տարեկանից հանդես եմ եկել որպես մոդել, միաժամանակ հաճախել եմ լողի, քանոնի, պարի: Ցանկանում էի ինձ փորձել տարբեր ոլորտներում և հասկանալ`որտեղ կարող եմ ինձ գտնել: Մանկուց շատ եմ սիրել լուսանկարվել, այդ պատճառով էլ որոշեցի ընդունվել մոդելային գործակալություն, որի շնորիվ կարող էի առաջ գնալ և հասնել երազանքներիս:
Մասնակցել եմ մի շարք դիզայներների կազմակերպած ցուցադրությունների: Տարբեր «Fashion» ընկերությունների հետ եմ համագործակցել:
2019-ին էլ մասնակցել եմ «Միսս Արմենիա» մրցույթին, սակայն միայն տասնյակ եմ անցել: Մինչ բուն մրցույթը` 4 փուլ է եղել. «Միսս տաղանդ», «Միսս ինտելեկտ», «Միսս սպորտ» և «Միսս թոփ մոդել»: Ես ներկայացել եմ «Միսս տաղանդ»-ում, որտեղ ցուցադրել եմ իմ բատիկայի աշխատանքը. շարֆեր, որոնց վրա նկարել էի մոդելների՝ տարբեր ժամանակների տարազներով:
«Միսս Արմենիա» մրցույթում արժանացել եմ «Միսս համերաշխություն» տիտղոսին: Կարծում եմ՝ ինձ ընտրեցին, քանի որ բոլորի հետ հաշտ էի ու կոնֆլիկտի մեջ չէի մտնում:
Լուսինե Խալաթյան. 2021 թ-ի «Միսս Արմենիա» մրցույթի մասնակից
Դեռ մանկուց դիտել եմ գեղեցկության մրցույթներ ու պատկերացրել եմ ինձ մասնակիցների փոխարեն: Բացի այդ ցանկացել եմ սկսել մոդելի կարիերա, և հայտարարությունը տեսնելուն պես հասկացա, որ հենց սա կարող է լինել իմ առաջին քայլըդեպի մեծ բեմեր:
Ինձ միակը չեմ համարում, որովհետև կան աղջիկներ, ովքեր իմ ֆավորիտներն են: Բայց և այնպես, ինձ ևս արժանի թեկնածու եմ համարում տիտղոսի համար: Հայրիկս մի քիչ թերահավատորեն մոտեցավ այս հարցին, բայց հիմա շատ է ինձ ոգևորում, իսկ մայրիկն ի սկզբանե շատ ուրախ էր: Ասեմ ավելին, ինձ բեմում տեսնելը մայրիկի երազանքներից մեկն էր:
Մրցույթը միանշանակ դրական ազդեցություն է ունեցել, որին ես ինքս չէի սպասում: Իմ կյանքն անհամեմատ փոխվել է մրցույթից առաջ և հետո: Մի օր փակագծերն անպայման կբացեմ…
Հոգեբանի կարծիքը
Հոգեբան Անուշ Գրիգորյանի խոսքով, հոգեբանության մեջ 17 տարեկանն (ճիշտ գեղեցկության մրցույթին հայտագրվելու տարիքն է) արդեն պատանեկության փուլն է, երբ տարատեսակ հուզական դրսևորումներ են լինում, որի ժամանակ արդեն ցայտուն են լինում պատանիների բնավորության գծերը, և նրանք վարքային առումով ավելի ակտիվ են դառնում: Եվ այս տարիքը պատահական չէ ընտրված, քանի որ պատանիներն այդ տարիքում ավելի հակված են իրենց արտաքին տեսքին ուշադրություն դարձնելուն և հոգեբանական առումով ավելի խոցելի են ու իրենց մանիպուլացիայի ենթարկելն ավելի հեշտ է:
Հոգեբանորեն հասցված բացասական հետևանքները սկզբնական շրջանում կարող են տեսանելի չլինել, որովհետև մրցույթի ընթացքը հրապուրիչ ու գայթղակիչ է: Բայց այդ տարիքում պատանիների մոտ հաճախ է թերարժեքության զգացում առաջանում, որը հետագայում իր բացասական հետքն է թողնում, քանի որ այդ տարիքում աղջիկների մոտ հաճախ են լինում ներքին անհամաձայնություններ արտաքինի, կազմվածքի հետ, երբեմն էլ մտածում են. «Ուրեմն ինքն ինձնից ավելի լավն էր, որ իրեն ընտրեցին»:
Աղջիկները հասկանում եմ, որ ունեն նպատակ և կարծում են՝ դրան հասնելու համար բոլոր միջոցներն արդարացված են: Սակայն երբ գիտակցում են, որ իրենց սահմանափակում են և ունակ չեն բեմի վրա իրենց ազատ զգալու, քանի որ կան հստակ պահանջներ, որոնց պետք է հետևեն, այստեղից էլ կրկին խնդիրներ են առաջանում:
Այս ամենից հետո, երբ հաղթում են մրցույթում կամ զբաղեցնում են 1-3-րդ տեղերը, ինքնագնահատականը բարձրանում է և թերարժեքության զգացումն էլ անցնում է։
Իսկ պարտության դեպքը պետք է դիտարկել անձի տեսանկյունից: Որքան անձը կամային ուժեղ որակներով է օժտված, այնքան նա հանգիստ է տանելու պարտությունը, քանի որ գիտակցելու է, որ դրանով ամեն ինչ վերջացած չէ: Իսկ եթե անձը չի կարողանում կարգավորել իր հույզերը, ապա իր մոտ կարող է այն աստիճան բարդանալ, որ հոգեբուժական լուրջ խնդիրների առաջ կանգնի:
Պարզապես պետք է հասկանալ, որ դա ընդամենը մրցույթ է, կանոններն են այդպիսին: Հնարավոր է, որ ուղղակի այդ չափորոշիչներին այս անգամ չհամապատասխանեցիր, քանի որ դրանք ամեն անգամ փոխվում են, և հստակ հասկանալի էլ չէ, թե ինչի հիման վրա է ժյուրին իր ընտրությունը կատարում:
Ինչպես տեսնում ենք` կյանքը փոխվում է, բայց գեղեցկությունը, ինչպիսին էլ լինի, անկախ մրցույթներում զբաղերած տեղերի, միշտ էլ գնահատվում է, հատկապես երբ այն համադրված է գիտելիքի, համարձակության և անսպառ էներգիայի հետ:–0–
Լուսանկարները` գեղեցկուհիների անձնական արխիվից