ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գամալեայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված մի շարք միֆերի, հաղորդում է
lenta.ru–ն։
Մասնավորապես, НТВ հեռուստաալիքի եթերում գիտնականը նշել է, որ պատվաստումը չի ազդում օրգանիզմի վերարտադրողական ֆունկցիայի վրա, և դա ապացուցվել է Կուլակովի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում։ Բացի այդ, հաստատվել է, որ Սպուտնիկ Վ–ն չի ազդում գեների աշխատանքի վրա։
Գինցբուրգի խոսքով, կորոնավիրուսով հիվանդացած տղամարդկանց մոտ երկար ժամանակով ճնշվում է սպերմատոգենեզն ու բեղմնավորման հնարավորությունը կտրուկ նվազում է։
Գինցբուրգը նաև մեկնաբանել է պնդումն այն մասին, թե կորոնավիրուսով հիվանդացածները պետք է պատվաստվեն Սպուտնիկ Լայթով, ոչ թե երկբաղադրիչ պատվաստանյութով։
Նա նշեց, որ դա կիսով չափ ճիշտ է, քանի որ հիվանդացածները կես տարի հետո պետք է պատվաստվեն։ Եթե հնարավոր է չափել հակամարմինների մակարդակը, և այն գերազանցում է 300–ը, ապա երկրորդ բաղադրիչով պետք չէ պատվաստվել։ Բայց եթե հակամարմինները հնարավոր չէ չափել, ապա ավելի լավ է պատվաստվել և հանգիստ ապրել։–0–