«Էն աշխարհից հետ եկա հենց էս պրոցեսի շնորհիվ»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ 23.00-ին, Առաջին ալիքի եթերում կլինի Հրաչ Քեշիշյանի «Երջանկության մեխանիկա» հեռուստաֆիլմի պրեմիերան:
Ֆիլմի գլխավոր դերակատար Նազենի Հովհաննիսյանն Instagram-յան էջում գրառում է արել նկարահանումների շնորհիվ կյանքի վերադառնալու ծանր ընթացքի մասին։
««Երջանկության մեխանիկա» համանուն ֆիլմը ստեղծվեց ցավի ու հուսահատության շաղախից: Ողբերգական 2020-ի ամենածանր պահերին, երբ ապրելու ո´չ ուժ, ո´չ ցանկություն չկար, քամում էինք մեր միջից էն խորքերում մնացած հույսը, կամքը, ու ամայացած աշխարհում ողջ մնացած ու իրար գտած երեխեքի պես շնչում, ապրում իրարով ու ֆիլմում ստեղծած կյանքով: Ստվեր էի... էստեղ մարմին առա.... Ես չգիտեմ դուք ինչ կտեսնեք կամ ինչ կզգաք, բայց էն աշխարհից հետ եկա հենց էս պրոցեսի շնորհիվ... ներսումս կուտակվածը շատ է, ոչ էստեղ կտեղավորվի, ոչ էլ որևէ էջում։ Նայեք ուղղակի»,– գրել է դերասանուհին:
Նա շնորհակալություն է հայտնել Հրաչ Քեշիշյանին, ով կարողացել է կյանքի կոչել նախ՝ իրենց, ապա ֆիլմը։
«Սա ֆիլմ է ընկերության, սիրո, հավատարմության ու դավաճանությունների մասին, հետպատերազմյան հոգեվիճակի, փշրված երջանկության ու լավատես մարդկանց մասին մի մեծ պատմություն է, որտեղ կարևոր է յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր խոսք, ժեստ ու հայացք»,-գրել է Նազենին:
Դերասանուհին գրառման մեջ անդրադարձել է նաև 2020-ից հետո երջանիկ լինելու կարողությանը: Նրա խոսքով՝ այլևս նույնը լինել չի կարող: Եվ երջանկության մեխանիկան խախտված է:
«Սա տրակտատ է ներկայի մասին: Վայելեք դերասանական լավ խաղ, խորն ու իրական էմոցիաներ, այնպիսին, ինչպիսին մենք ապրել ենք ֆիլմի ստեղծման ողջ ընթացքում՝ 2020-ի դաժան դեկտեմբերից մինչև այսօր»,– գրել է Նազենի Հովհաննիսյանը։ -0-