Ամանորյա ո՞ր ճաշատեսակը որքան կարելի է պահել. պարզաբանում է սննդաբանը

28.12.2021, 17:37
Սննդաբանը «Նովոստի-Արմենիա»-ին տված բացառիկ հարցազրույցում պարզաբանել է, թե Ամանորյա որ ճաշատեսակը որքան կարելի է պահել և ինչպես խուսափել թունավորումից
Ամանորյա ո՞ր ճաշատեսակը որքան կարելի է պահել. պարզաբանում է սննդաբանը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.  Շուտով Ամանոր է՝ հայերի, թերևս, ամենասիրված տոներից մեկը: Ամանորին հայկական բոլոր սեղանները լի են տարաբնույթ ճաշատեսակներով: Հայ տնային տնտեսուհիները փորձում են զարմացնել իրենց խոհարարական հմտություններով՝ պատրաստելով բազմազան համեղ ճաշատեսակներ: Մսով նրբաբլիթներ, տոլմա, կոտլետ, քյուֆթա, խոզի ազդր, հնդկահավ, ձկնեղեն, մայոնեզով և տարբեր տեսակի բանջարեղենով աղցաններ ու, իհարկե, թխվածքներ: Այս ամենն, իհարկե, անչափ համեղ է, բայց լինում են նաև տհաճ անակնկալներ ու Նոր տարվա առաջին իսկ օրերին կտրուկ ավելանում են թունավորման դեպքերը:

Ամանորյա օրերին, թերևս, առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային թունավորումների համար, քանի որ այդ ընթացքում մարդիկ ավելի հաճախ են օգտագործում ոչ պատշաճ պայմաններում և երկար ժամանակ պահված, մի քանի անգամ տաքացված կերակուր: Բացի այդ, օգտագործվում են միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք իրենց հերթին հանգեցնում են մարսողական համակարգի տարաբնույթ խանգարումների:

«Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում սննդաբան Գայանե Շահխաթունին ներկայացնում է սննդի պահման ժամկետները, պատմում, թե ինչ է պետք անել թունավորումներից խուսափելու համար և որ մթերքն ինչի հետ չի կարելի համադրել:

Ո՞րքան ժամանակ կարելի է պահել սնունդը

 - рис.1

Սննդաբանի խոսքով՝ սննդի պահման ժամկետները տարբեր մթերքների պարագայում խիստ տարբեր են: Օրինակ, ցանկալի է անգամ բանջարեղենն ու միրգը ևս շատ երկար չպահել, այն կարելի է պահել առավելագույնը 4-5 օր:

«Ինչ վերաբերում է կենդանական ծագում ունեցող մթերքներին, այդ թվում՝ ձուն, թթվասերը, մսամթերքը, մայոնեզը, երկու օրից ավել պահել պարզապես չի կարելի, որովհետև սննդի մեջ տեղի են ունենում բակտերիալ փոփոխություններ, որոնք կարող են առաջացնել շատ ծանր աղիքային ինֆեկցիաներ», - ասաց մասնագետը:

Նա նշեց նաև, որ այն աղցանները, ճաշատեսակները, որոնց բաղադրության մեջ միայն բանջարեղեն է, ավելի քիչ ռիսկային են, սակայն դրանք ևս կարելի է պահել ամենաշատը մինչև երեք օր:

Ի՞նչպես խուսափել թունավորումներից

 - рис.2

Շահխաթունին անդրադարձավ նաև հանգամանքին, որ Ամանորին մարդիկ հաճախ օգտագործում են միմյանց հետ անհամատեղելի մթերքներ, ինչի հետևանքով թունավորվում են:

«Ընդհանրապես ձկնեղենը չի կարելի ուտել կաթնամթերքի, մեղրի հետ: Ձկնկիթը չպետք է համադրել թե´ձկան, թե´կաթնամթերքի հետ: Եվ ցանկացած այլ կաթնային պատրաստուկ՝ լինի մայոնեզ, թե մեկ այլ մթերք, չի կարելի համադրել ձկնկիթի հետ»-ասաց Շահխաթունին:

Նրա խոսքով՝ որոշ ոգելից խմիչքների հետ ևս չի կարելի համադրել ձկնկիթը: Գինին, մաճառը, լիկյորը ձկնկիթի հետ համադրումը ևս մեծացնում է թունավորման ռիսկը:

Սննդաբանի դիտարկմամբ, առհասարակ ձկնամթերքի և ձկան հետ պետք է շատ զգույշ լինել:

«Քանի որ Ամանորին «ստիպված» ենք լինում անընդհատ ուտել, կարող ենք ավելի խելամիտ լինել, անժամանակ ու անընդհատ չծամել, և չվնասել սեփական առողջությանը՝ խառնելով միաժամանակ տարբեր մթերքներ: Սակայն, եթե որոշել եք յուրաքանչյուր այցելության ժամանակ օգտվել հյուրասիրությունից, ապա պետք է ընդունել նույն սնունդը: Օրինակ, եթե առավոտյան եք հյուր գնացել, խմեք սուրճ՝ որևէ թխվածքով, հաջորդ տեղում, եթե աղցան եք ցանկանում, ապա կերեք աղցան և ոչ միաժամանակ մի քանի ճաշատեսակ»,-ասաց սննդաբանը:

Մասնագետի խոսքով՝ որքան խառը սնունդ է հայտնվում ստամոքսում, այնքան ավելի է մեծանում թունավորման և թերի մարսելու հավանականությունը:

Շահխաթունու խոսքով՝ սննդամթերքի բոլոր տեսակներն էլ կարելի է համադրել խմիչքի հետ, եթե դրանք թարմ են:

 - рис.3

«Խմիչք օգտագործելուն զուգահեռ և´պանիր, և´ հաց, և´ տոլմա, և´ աղցաններ, հատկապես մայոնեզով կամ թթվասերով, ինչպես նաև ցանկացած տեսակի խառը սնունդ ուտելը կարող է հանգեցնել թունավորման, այդ պատճառով ցանկալի է միօրինակ սնունդ ընդունել», - ասաց նա:

Մասնագետը հավելեց նաև, որ երկու օրը մեկ ցանկալի է բեռնաթափում կազմակերպել, ուտել միայն միրգ, խմել սուրճ և շատ ջուր: Այդկերպ օրգանիզմը մաքրվում է վնասակար նյութերից:

«Պետք է հիշել, որ ճաշատեսակների մեծ մասը, որոնք պարունակում են ձկնեղեն, մսեղեն, ձու, մայոնեզ, կաթնամթերք, պանիր, կրեմներ և այլն, արդեն իսկ երկու օր սառնարանում մնալուց հետո կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար` դառնալով թունավորման պատճառ», - նշեց սննդաբանը:

Դրա համար խորհուրդ է տրվում սնունդը պատրաստել քիչ քանակով, իսկ պատրաստի կերակուրը պահել սառնարանային ջերմաստիճանում, սեղանին շատ երկար չթողնել և տաքացնել մեկ անգամից ոչ ավել:-0-