ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Տապակած կարտոֆիլը բավականին ծանր կերակրատեսակ է մարսողության համար։ Տապակած կարտոֆիլի օգտագործումը որոշ մթերքների հետ միասին կարող է վնասել ձեր օրգանիզմին, գրում է medikforum.ru–ն։
Մեծ Բրիտանիայի Սննդային չափորոշիչների գործակալության (FSA) մասնագետները հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ հացն ու կարտոֆիլը պետք է տապակել մինչև կեղևը դառնա ոսկեգույն, այլ ոչ թե շագանակագույն, դա թույլ կտա խուսափել ակրիլամիդի առաջացումից, որն առաջանում է լավ տապակած մթերքի վրա։ Կենդանիների վրա անցկացված գիտափորձերը հաստատել են, որ ակրիլամիդը վնասում է ԴՆԹ–ն ու հանգեցնում քաղցկեղային ուռուցքների առաջացման։
Դիետոլոգներն իրենց հերթին նշում են, որ տապակած կարտոֆիլը պարունակում է մեծ քանակի ածխաջրեր և ճարպ, ինչը լուրջ ծանրաբեռնվածություն է մարսողական համակարգի համար։ Փոձագետների կարծիքով, տապակած կարտոֆիլը վնասակար է օգտագործել մսի, լոլիկի, ալկոհոլի և հացի հետ։
Միս

Օգտագործելով տապակած կարտոֆիլը մսի հետ` օրգանիզմը ստիպված է լինում մարսել միանգամից և′ սպիտակուց, և′ ածխաջրեր, և′ ճարպ։ Մարսողական համակարգի համար այս ամենը բավականին բարդ է, կարող են առաջանալ խցանումներ և խանգարումներ աղիներում։
Լոլիկ

Պետք է հիշել, որ օսլան չի համադրվում թթու մթերքների հետ, քանի որ դրանք խանգարում են օսլայի յուրացմանը։ Ուտելով կարտոֆիլը լոլիկի հետ` կարելի է ստանալ մարսողության հետ կապված խնդիրներ։
Ալկոհոլ

Տապակած կարտոֆիլն ու ալկոհոլը կրկնակի ծանրաբեռնվածություն է երիկամների վրա։ Նման համադրության դեպքում օրգանիզմն ավելի շատ է պահում հեղուկը հյուսվածքներում։
Հաց

Կարտոֆիլի ու հացի օգտագործման հետևանքով ձեր օրգանիզմում կհայտնվի կոնցենտրացված օսլայի չափազանց մեծ քանակ։ Ստամոքսն այդ ամենը մարսելու համար պետք է ավելացնի թթվանյութի առաջացումը, ինչը կարող է վնասել ստամոքսի լորձաթաղանթը։–0–