ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորն արդեն մոտ է, իսկ տոնական սեղանը, ինչպես հայտնի է, բարձր տրամադրության անբաժանելի մասն է։
Տոնական սեղանի գլխավոր «զարդն», անկասկած, աղցաններն են։ Ցանկացած տանտիրուհի իր մտերիմներին և հարազատներին ցանկանում է զարմացնել համեղ և գեղեցիկ աղցաններով։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ձեզ է ներկայացնում 5 աղցանների բաղադրատոմսեր, որոնց պատրաստումը շատ դյուրին է և մատչելի։
Հավի կրծքամսով և կիվիով աղցան

Բաղադրիչներ
Հազար (մառոլ) – 1 կապ
Կիվի – 1 հատ
Հավի կրծքամիս – 500 գրամ
Քնջութ
Չերրի լոլիկ – 5–6 հատ
Նուշ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը բաժանել մեծ մասերի, թեթևակի «ծեծել», համեմել աղ և պղպեղով ու տապակել ձեթի մեջ։ Հազարը ձեռքով մասնատել, կիվին բարակ շերտերով կտրել, ավելացնել ամբողջական կամ կտրատած չերրի լոլիկը։ Այս ամենը խառնել, ավելացնել մի փոքր քնջութ և բոված նուշ։ Համեմել աղով և պղպեղով` ըստ ճաշակի։
Բանջարեղենային աղցան
Բաղադրիչներ
Հազար (մառոլ) – 1 կապ
Վարունգ – 2–3 հատ
Բրոկոլի – մի քանի փունջ
Կարմիր բողկ – մի քանի հատ
Չերրի լոլիկ – 5–6 հատ
Եգիպտացորեն – 0,5 կգ
Խոզի ֆիլե – 300 գրամ
Քնջութ
Բալզամիկ սոուս – ըստ ճաշակի
Մայոնեզ – ըստ ճաշակի
Ձիթայուղ – ըստ –ճաշակի
Պատրաստման եղանակը
Հազարը, վարունգը , բրոկոլին, կարմիր բողկը, չերրի լոլիկն ու եգիպտացորենը մեծ շերտերով կտրատել, ավելացնել բարակ կտրատած խոզի ֆիլեն, բալզամիկ սոուսն ու ձիթայուղն` ըստ ճաշակի։ Վերջում զարդարել մաղադանոսի տերևներով և մայոնեզով, ավելացնել քնջութի հատիկներ։
Լոլիկով և մոցառելայով աղցան

Բաղադրիչներ
Լոլիկ – 2 հատ
Մոցառելա պանիր – 300 գրամ
Բոված քնջութ
Հազար (մառոլ) – 1 փունջ
Սոուս
Քնջութ
Պատրաստման եղանակը
Սոուսի համար անհրաժեշտ է մայոնեզ, թթվասեր, սոյայի սոուս, թարմ նանա։ Այս ամենը հարկավոր է բլենդ անել։
Ափսեի մեջ հերթականությամբ դասավորել շերտերով կտրատած լոլիկը, վրան լցնել մոցառելան, մանր կտրատած հազարը, վրան ավելացնել սոուսը և քնջութը։
Թունա ձկով աղցան
Բաղադրիչներ
Հազար (մառոլ) – 1 փունջ
Լոլիկ – 1 հատ
Թունա ձուկ – 1 բանկա
Ձու – 2 հատ
Մայոնեզ – ըստ ճաշակի
Կիտրոն – 1 հատ
Զեյթուն
Պատրաստման եղանակը
Հազարը մանր կտրատել, լոլիկը և ձուն կտրատել օղակներով, թունա ձուկը պատառաքաղի միջոցով տրորել և խառնել մայոնեզի հետ։ Խոհարարական օղակի մեջ շերտերով դնել հազարը, լոլիկն ու ձուն և թունա ձուկը` ըստ ճաշակի համեմելով աղ և պղպեղով։ Վերջին շերտը ավարտել թունա ձկով, զարդարել զեյթունով և կիտրոնի կտորով։
Հավի կրծքամսով և սնկով աղցան
Բաղադրիչներ
Հավի կրծքամիս – 700 գր
Մարինացված սունկ – 1 բանկա
Գազար – 2 հատ
Ընկույզ – 100 գրամ
Մայոնեզ
Համեմի սերմ
Աղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խաշել, մանրացնել բլենդերի միջոցով։ Նույն կերպ մանրացնել մարինացված սունկն ու գազարը, բայց ոչ շատ մանր։ Մանրացված կրծքամիսը, սունկն ու գազարը լցնել ափսեի մեջ, ավելացնել մանրացված ընկույզը, մայոնեզը, աղն ու համեմի սերմն` ըստ ճաշակի։
Բարի ախորժակ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը շնորհավորում է Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում է երջանկություն և բարօրություն։ –0–