ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չորացրած սալորը պրոբիոտիկ միրգ է, և վերջերս կատարված ուսումնասիրությունները ապացուցել են, որ դրանք կարող են նվազեցնել հաստ աղիի քաղցկեղի առաջացման ռիսկը, գրում է
fithacker.ru–ն։
Նշված ուսումնասիրությունների հեղինակն է բժիշկ Նենսի Թերները, ով Տեխասի համալսարանի Սննդի և սննդամթերքի բաժնի պրոֆեսոր է։
Ուսումնասիրությունն ապացուցում է, որ սալորն օգնում է խթանել հաստ աղիում ստեղծված մանրէների պահպանումը։ Ուռուցքների աճի դադարեցման դեպքում և քաղցկեղածին բջջիջների դեմ պայքարում աղիքային մանրէները նվազեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը։
Աղեստամոքսային համակարգում գոյություն ունեն ավելի քան մեկ տրիլիոն տեսակի մանրէներ, որոնց խանգարումը կարող է հանգեցնել բորբոքման, ինչն էլ իր հերթին ավելացնում է աղիների քաղցկեղի ռիսկը։
Ապացուցված է, որ սալորը հարուստ է ֆենոլային միացություններով, որոնք շատ օգտակար են և նպաստում են ազատ ռադիկալների հավասարակշռությանը, ինչպես նաև գործում են որպես հակաօքսիդանտներ։ Հայտնի է, որ ազատ ռադիկալները վնասում են ԴՆԹ–ին և կարող են մեծացնել քաղցկեղածին բջջիջների զարգացման ռիսկը։
Գիտնականները փորձ են անցկացրել առնետների վրա, որոնք բաժանվել են երկու հավասար խմբերի։ Առաջին խումբն ընդունել է սալոր, իսկ երկրորդը` ոչ։
Առնետների սննդակարգն ուներ կալորիաների և մակրոտարրերի նույն քանակը, այդ պատճառով միակ տարբերությունը սալորի ընդունումն էր։ Այնուհետև գիտնականներն ուսումնասիրել են առնետների աղիների պարունակությունն ու հաստ աղիի հյուսվածքը։
Պարզվել է, որ սալորը կուտակում է աղիների առողջ մանրէներ։ Գիտնականները նաև պարզել են, որ սալորաչիր ընդունող առնետների մոտ լավացել է աղիների միկրոֆլորան։ Սալորաչիր չընդունող առնետների մոտ նկատվել է հակառակ պատկերը։
Սալորաչիր օգտագործած առնետների մոտ նկատվել է նաև աբերանտ օջախների նվազում, որոնք կապ ունեն քաղցկեղի զարգացման ռիսկի ավելացման հետ։
Այսպիսով, գիտնականներն ապացուցել են, որ սալորաչրի օգտագործման դեպքում խթանվում է առողջ մանրէների համակարգը, ինչն իր հերթին նվազեցնում է հաստ աղիի քաղցկեղի առաջացման ռիսկը։–0–