Սա համամարդկային կորուստ է, կյանքից հեռացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը. Փաշինյանն` Ազնավուրի մասին

01.10.2018, 17:41
Փաշինյանի խոսքով, Շառլ Ազնավուրը մի մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև վերազգային, համամարդկային արժեքներ։
Սա համամարդկային կորուստ է, կյանքից հեռացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը. Փաշինյանն` Ազնավուրի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։

Ազնավուրը մահացել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։

«Սիրելի հայրենակիցներ, ահավոր բոթ լսեցինք այսօր, կյանքի 94–րդ տարում մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը` Շառլ Ազնավուրը։ Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան է կերտել, պատմություն է կերտել, սեր է կերտել և անմնացորդ ծառայել է սեփական ժողովրդին, սեփական ժողովուրդներին, որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր` ես 100% ֆրանսիացի եմ և 100%հայ, մարդ, ով 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացնում է և ջերմացրել է միլիոնավոր, տասնյակ, 100 միլիոնավոր մարդկանց, այսօր այլևս մեզ հետ չի», - նշել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքվ, սա իսկապես ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի պատմության և մեր երկրի պատմության համար, մահացել է Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը։

«Եվ ես հիմա ուզում եմ պարզապես իմ վշտակցությունը հայտնել է Հայաստանի անունից, հայ ժողովրդի անունից մեզ բոլորիս, ընդհանրապես ցավակցել հայ ժողովրդին, Ֆրանսիայի ժողովրդին, ընդհանրապես Շառլ Ազնավուրի` ամբողջ աշխարհում ապրող երկրպագուներին, նրա արվեստի սիրահարներին։ Սա իսկապես մեծ կորուստ է Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, սա մեծ կորուստ է Ֆրանսիայի համար, Ֆրանսիայի ժողովրդի համար, և սա համամարդկային կորուստ է, որովհետև Շառլ Ազնավուրը մի մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև վերազգային, համամարդկային արժեքներ, և այդ համամարդկային արժեքները դեռ երկար դարեր կուղեկցեն մարդկությանը, կուղեկցեն դեպի սեր, դեպի համերաշխություն և կբարձրացնեն մարդկությունը, կջերմացնեն նրանց հոգիները», – նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ.–ի մայիսի 22–ին։ Ազնավուրն ավելի քան 1000 երգերի հեղինակ է, հանդես է եկել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 մլն ձայնասկավառակ։ TIME և CNN ամսագրերի համատեղ հարցման համաձայն, Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարողը։

Աշխարհահռչակ շանսոնյեն սկսել է երգել 9 տարեկանից։ Ելույթ է ունեցել դուետով կոմպոզիտոր Պիեր Ռոշի հետ։ 1946 թ.–ին նրանք երկուսն էլ մասնակցել են Ֆրանսիայում և ԱՄՆ–ի կազմակերպված Էդիտ Պիաֆի հյուրախաղերին։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել է երգչի պրոֆեսիոնալ կարիերան։ 

Ազնավուրի երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Խուլիո Իգլեսիասը, Միրեյ Մատյոն։ 

2018 թ.–ի մայիսի 22–ին հայտնի ֆրանսահայ արտիստը նշել է 94–ամյակը։ Աշխարհում վաճառվել է Ազնավուրի ձայնագրությունների 180 մլն նմուշ։–0–