ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր առավոտյան Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին և երեխաները մեկնել են Էջմիածին. աստղային ընտանիքը այնտեղ է ուղևորվել` երեխաներին մկրտելու, հայտնում է NEWS.am STYLE-ը:
Ըստ աղբյուրի, Քարդաշյանի կրտսեր որդուն՝ Փսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը, Սեյնթին` Գրիգոր, իսկ Չիկագոյին` Աշխեն։
Քիմի ավագ դստերը՝ Նորթին, մկրտել են Երուսաղեմում՝ 2015թ.-ին։ Քիմ Քարդաշյանն ամուսնու ու որդու հետ այնտեղ էր մեկնել Հայաստան այցից անմիջապես հետո։ Աստղային ընտանիքը Հայաստանում մասնակցում էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։
Նշվում է, որ եկեղեցուց դուրս գալուց հետո Քիմ Քարդաշյանը հայերենով ողջունել է երկրպագուներին. «Ինչպես եք»։ Հեռուստաաստղը նաև լուսանկարվել է նրանց հետ։-0-