«Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռչել Գյումրի. օդանավակայանը ներողություն է խնդրել

16.08.2019, 12:35
Բոլոր խնդիրները կարգավորված են:
«Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռչել Գյումրի. օդանավակայանը ներողություն է խնդրել

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռչել Գյումրի: Այդ մասին նշվում է Facebook-ում «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջում:

«Բոլոր խնդիրները կարգավորված են, «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռչել Գյումրի: Տոմսերի վաճառքի գործընթացը սկսված է», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Այսօր մենք վերսկսում ենք դեպի Գյումրի տոմսերի վաճառքը. oդանավակայանը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` վառելիքի լիցքավորման գործընթացի որակը վերահսկելու համար: Շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին հնարավորություն կստանան այցելել Գյումրի», - ՏԱՍՍի հետ զրույցում ասել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչպես նշվում է Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի նամակում, օդանավակայանը ներողություն է խնդրել տարեսկզբին վառելիքի թերլիցքավորման միջադեպի համար և խոստացել, որ «մեղավորներին կպարզեն ու կպատժեն»:

Օրեր առաջ տեղական ԶԼՄ–ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ «Պոբեդան» պատրաստվում է հեռանալ հայկական շուկայից: Նշվել է, որ չվերթերի դադարեցման որոշումը կապված է Գյումրու օդանավակայանում վառելիքի սիստեմատիկ թերլցման հետ։-0-