ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանցի հաքերները որպես թիրախ վաղուց ընտրել են Facebook–յան հայ օգտատերերին։ Վերջին ամսվա ընթացքում կոտրվել են Facebook–յան հարյուրավոր էջեր։
Այս կապակցությամբ տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր կայքում ներկայացրել է հաքերների գրոհներից պաշտպանվելու մի քանի միջոց։
Մշտական հարց. ո՞վ է մեղավոր
Ինչպես նշում է փորձագետը, իրականում մեղավոր է նա, ում էջը կոտրվել է, քանի որ հաքերները գործում են բավականին ստանդարտ մեխանիզմով։ Իրականում, կան մի քանի կանոններ, որոնց հետևելով, կարելի է լինել հանգիստ, որ ձեր էջը չեն կոտրի։ Օրինակ պետք չէ անցնել բոլոր առաջարկվող հղումներով։
Загружается новость ...
"Право"
Հայ օգտատիրոջ էջը կոտրելուց հետո ադրբեջանցի հաքերները հիմնականում հրապարակում են «Ya zdes» գրառումը։
«Հայ օգտատերերի էջերը, սակայն, օգտագործվում են նաև շփման գծում հերթական սրման ժամանակ ապատեղեկատվություն տարածելու համար։ Տարածվող ապատեղեկատվության շարքում շատ հաճախ լինում է տեղեկություն այն մասին, թե հայկական կողմը սահմանին իբր կրում է մարդկային լուրջ կորուստներ», – նշում է Մարտիրոսյանը։
Ինչպե՞ս են նրանք դա անում
Իրականում Facebook–ի էջ կոտրելը շատ բարդ է, և հաքերները ոչ թե կոտրում են Facebook–ը, այլ հենց օգտատիրոջ էջը։ Ամենահայտնի միջոցը ֆիշինգն է, երբ օգտատերն ինքն իր ձեռքերով է հաքերներին փոխանցում սեփական էջի գաղտնաբառը։
«Ամենավառ օրինակներից է, երբ հաքերները տարածում են Facebook–հավելված (application), դա կարող է լինել խաղ, թեստ կամ նման մի բան։ Սեղմելով հղման վրա` օգտատերը հայտնվում է նոր էջի վրա, որտեղ նրան առաջարկվում է կրկին մուտքագրել սեփական լոգինն ու գաղտնաբառը։ Երբ օգտատերը կրկին մուտքագրում է իր տվյալները, դրանք անմիջապես հայտնվում են հաքերների ձեռքում», – նշում է Մարտիրոսյանը։
Загружается новость ... "Лево"
Էջը կոտրելու այլ միջոց է իբր Facebook–ի անվտանգության համակարգի կողմից ուղարկված զգուշացումն այն մասին, որ էջը կարգելափակվի, եթե դուք չկատարեք որոշակի գործողություններ, և առաջարկվում է անցնել հղումով ու մուտքագրել լոգինն ու գաղտնաբառը։
Ի՞նչ անել
Ինչպես խորհուրդ է տալիս Մարտիրոսյանը, առաջին հերթին երբեք մի՛ մուտքագրեք սեփական գաղտնաբառը օտար հավելվածներում։
«Եվ հիշեք, որ Facebook–ը երբեք չի դիմի ձեզ մեկնաբանության (comment) միջոցով։ Եթե դա իսկապես Facebook–ի ադմինիստրացիայի կամ անվտանգության համակարգի կողմից ուղարկված պաշտոնական նամակ է, ապա դուք այն կստանաք ներքին հաղորդագրության միջոցով և բնականաբար ձեզ չեն առաջարկի կրկին մուտքագրել լոգինն ու գաղտնաբառը այլ կայքում», – ընդգծել է Մարտիրոսյանը։–0–