ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Աուտիզմով տառապող երեխաների նկատմամբ հայ հասարակության վերաբերմունքը վերջին տարիներին զգալիորեն փոխվել է, ուրբաթ լրագրողներին հայտարարեց լոգոդեպ Սուսաննա Դավթյանը։
Ինչպես կարծում է Դավթյանն, այս մասին վկայում է նաև աուտիզմով երեխաների ծնողների թվի աճը, որոնք դիմում են մասնագետներին։
«Աուտիկ հատվածի խանգարումներ ունեցող երեխան պետք է ավելի շատ շփվի հասակակիցների հետ։ Մեկուսացումը միայն վնասում է», – ասաց նա։
Լոգոպեդը նշեց, որ ներառական կրթության ծրագիրն իսկապես նպաստում է նման երեխաների սոցիալիզացմանը։
Դավթյանը նաև ընդգծեց, որ այս պահին Հայաստանում չկա հստակ վիճակագրություն աուտիզմով տառապող երեխաների մասին։
Հայաստանում ներառական կրթության ծրագիրն արդեն գործում է 1450 կրթական դպրոցներից 150–ում, ևս 20 ուսումնական հաստատություններ կմիանան ծրագրին 2016 թ.–ին։
Հոգեբան Կարինե Հարությանն իր հերթին հայտարարեց, որ հիմա, իսկապես, աճում է այն ծնողների թիվը, ովքեր դիմում են մասնագետների օգնությանը։
«Չեմ կարծում, որ հիմա երեխաների մոտ աուտիզմի խնդիրը հանդիպում է ավելի հաճախ։ Պարզապես ավելացել է մասնագետներին դիմող ծնողների թիվը, ովքեր իրենց երեխաների մոտ հայտնաբերում են աուտիկ հատվածի խանգարում», – ասաց նա։
Հոգեբանի խոսքով` հայ հասարակությունում աուտիկ հատվածի խանգարումներ ունեցող երեխաներին անվանում են «աուտիզմով հիվանդ», սակայն դա սխալ է ինչպես մասնագիտական, այնպես էլ էթիկայի տեսակետից։
Աուտիզմը զարգացման մշտական խանգարում է, որը դրսևորվում է երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում։–0–