Հայ գեղեցկուհին` «Միսս ԱՊՀ» միջազգային մրցույթի հաղթող (ՖՈՏՈ)

07.06.2017, 11:11
Հայաստանը ներկայացնող Շուշան Երիցյանը հաղթել է «Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության միջազգային մրցույթում։
Հայ գեղեցկուհին` «Միսս ԱՊՀ» միջազգային մրցույթի հաղթող (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ներկայացնող Շուշան Երիցյանը հաղթել է «Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության միջազգային մրցույթում։

Մրցույթն անցկացվել է երեքշաբթի Երևանում։

 - рис.1

Մրցույթին մասնակցել են 18–25 տարեկան 24 գեղեցկուհիներ Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Հայաստանից և ԱՊՀ այլ երկրներից, որոնք հաղթել են իրենց երկրներում անցկացված ընտրական փուլերում։

 - рис.2

Հայաստանը մրցույթում ներկայացնում էին երեք գեղեցկուհիներ` Արփինե Բալյանը, Մարինե Մարգարյանն ու Շուշան Երիցյանը։

Մարինե Մարգարյանն արժանացավ «Միսս ինտերնետ» և «Միսս բարեկամություն» տիտղոսներին, իսկ Արփինե Բալյանը` «Միսս ֆեշն» տիտղոսին։

 - рис.3

Մրցույթի ժյուրիի կազմը գլխավորել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը։ Ժյուրիի կազմում ներառված էին հայտնի երգչուհի Աննա Խաչատրյանը, ծանրամարտիկ, Եվրոպայի գործող չեմպիոն Նազիկ Ավդալյանը, հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Ժաննա Էպլեն և այլք։

 - рис.4

Մրցույթի եզրափակիչն անցկացվել է չորս փուլով։ Աղջիկները սկզբում ներկայացան ազգային տարազով, այնուհետև լողազգեստներով, սպորտային հանդերձանքով և երեկոյան զգեստներով։

 - рис.5

«Միսս ԱՊՀ» շոուի եզրափակչում ելույթ ունեցան հայտնի արտիստներ, այդ թվում` երգչուհի Յուլիա Սամոյլովան, ով կներկայացնի Ռուսաստանը «Եվրատեսիլ 2018» մրցույթում։

 - рис.6

Շոուին նաև մասնակցել են ռուս հաղորդավարուհի Եկատերինա Գուսևան, երգիչ և կոմպոզիտոր Միշել Դարը, երգչուհի, մոդել և դերասանուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Բուկատարան (Մարիա Բուկատար) և այլք։

 - рис.7

Մրցույթի անցկացման նպատակն է բացահայտել աղջիկների, որոնք կարող են պատշաճ մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ոլորտներում, ապահովել հաղթող աղջիկների պրոֆեսիոնալ զարգացումն ու դրանց հետագա համագործակցությունը աշխարհահռչակ նորաձևության գործակալությունների, պրոդյուսերական կենտրոնների և կինոարտադրողների հետ, ինչպես նաև ամրապնդել կապերը ԱՊՀ երկրների միջև։

 - рис.8

Մրցույթին ներկայացվել է մասնակցության վեց հազար հայտ, լսարանը կազմում է 25 մլն մարդ, իսկ մրցանակային ֆոնդը 16,2 մլն դրամ է (ավելի քան 33 հազար դոլար)։–0–