Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հավատացյալ հայերը փետրվարի 27–ին կսկսեն Մեծ Պահքը, որը կտևի 40 օր։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
1. Քռչիկ
Քռչիկը ռուսական շչիի հեռավոր բարեկամն է, քանի որ պատրաստվում է թթու կաղամբից: Սակայն դրանում կա, օրինակ, ձավար և տոմատի մածուկ:
Լուսանկարը` Veganbo6.prikol-book.com
Բաղադրիչներ
Ալյուր – 1/2 բաժակ,
Թթու կաղամբ – 500գր
Սոխ – 2 հատ
Տոմատի մածուկ – ըստ ճաշակի
Յուղ` տապակելու համար
Կարտոֆիլ – 500գր
Աղ, պղպեղ, մաղադանո – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սոխը մանր կտրատում և յուղով տապակում ենք: Այնուհետև ավելացնում ենք լվացած, ջրքամ և մանր կտրատած թթու կաղամբը, այդ ամենը շոգեխաշում ենք յուղի մեջ խորը տապակի մեջ, մինչև պատրաստ լինելը` պարբերաբար քիչ քանակությամբ ջուր ավելացնելով: Այնուհետև շոգեխաշած բանջարեղենին ավելացնում ենք տոմատի մածուկը, լավ խառնում ենք և շոգեխաշում ևս 5-7 րոպե: Լվացած և կտրատած կարտոֆիլը և ձավարը եփում ենք առանձին-առանձին, այնուհետև իրենց ջրով ավելացնում շոգեխաշած բանջարեղենին, ինչից հետո պետք է ապուրը եփվի 10-15 րոպե: Քռչիկը մատուցում են` ցանելով վրան կարմիր պղպեղ և մաղադանոս:
2. Այլազան (բանջարեղենային ռագու)
Լուսանկարը` Weekend.rambler.ru
Բաղադրիչներ
Սմբուկ – 3 հատ
Խոշոր կարտոֆիլ – 3 հատ
Սոխ – 3 հատ
Բուլղարական տաքդեղ – 3 հատ
Լոլիկ – 5 հատ
Կանաչ լոբի – 1 բաժակ
Կանաչի` սամիթ, մաղադանոս, ռեհան, ուրց
3–4 պճեղ սխտոր
Բուսայուղ – 3 ճաշի գդալ
Սև աղացած պղպեղ – 0,5 թեյի գդալ
Աղ, կարմիր և սև աղացած պղպեղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լվացած և մաքրած սմբուկները շրջանաձև կտրել մոտ 1 սմ հաստությամբ, դասավորել հարթ մակերևույթի վրա, աղ ցանել և թողնել 15 րոպե։ Դրանից հետո քամել, մզել և թղթե անձեռոցիկով հավաքել ավելորդ խոնավությունը։
Կարտոֆիլը լվանալ, մաքրել և կտրատել խորանարդաձև։ Մաքրած սոխն ու տաքդեղը կիսաօղակաձև կտրատել։ Սխտորը մաքրել, մանրացնել։ Լոբին մաքրել և ոչ մեծ կտորների կտրատել։ Լոլիկը շրջանաձև կտրատել։ Մանրացնել նաև կանաչին։
Հաստ հատակով կաթսայի մեջ լցնել բուսայուղ։ Դնել սմբուկի շերտը, այնուհետև շերտերով շարել մնացած բանջարեղենը հետևյալ հաջորդականությամբ` կարտոֆիլ, տաքդեղ, սոխ, սխտոր, լոբի, լոլիկ։ Յուրաքանչյուր շերտի վրա չնչին աղ, պղպեղ և կանաչի ցանել։ Բանջարեղենի ծածկել կես բաժակ եռջրով, սեղմել կերամիկ ափսեով, փակել բերանը և շոգեխաշել դանդաղ կրակի վրա մոտ մեկ ժամ։
3.Ավելուկի ապուր
Ավելուկը վայրի բույս է, որը հայերն օգտագործում են ապուրների և աղցանների պատրաստման համար: Հաճախ հայերն այն «բանջար» են անվանում: Ունի յուրահատուկ դառնահամ, լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման համար: Ավելուկը հավաքում են գարնանը և մշակում ձմռան համար` հյուսերի տեսքով: Պահում են ամբողջ ձմեռ քաթանե պարկում:
Լուսանկարը` Արեգնազ Բաղդասարյանի բլոգից
Բաղադրիչներ
Սվելուկ (չոր) - 75 գրամ
Սիսեռ - 20 գրամ
Կարտոֆիլ - 100 գրամ
Սոխ - 25 գրամ
Բուսայուղ - 20 գրամ
Ալյուր - 3 գրամ
Աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Չոր ավելուկը լվանալ տաք ջրով, խոշոր կտորների բաժանել, դնել աղ արած ջրով կաթսայի մեջ և խաշել մինչև կիսաեփ լինելը: Ավելացնել նախապես խաշած սիսեռը, քառակուսիներով կտրատված կարտոֆիլը, մանր կտրատված սոխեռածն ալյուրով և շարունակել եփել մինչև պատրաստ լինելը: Ըստ ճաշակի ավելացնել մանրացրած սխտոր:
4. Պասուց տոլմա խաղողի տերևներով
Լուսանկարը` Trip2.am
Բաղադրիչներ
Ոսպ – 150 գրամ
Սիսեռ – 150 գրամ
Ընկույզ – 200 գրամ
Գլուխ սոխ – 3 հատ
Բրինձ – 2 ճաշի գդալ
Բուսայուղ – 50 գրամ
Սալորաչիր
Խաղողի տերև – 200 գրամ
Թարմ կանաչեղեն – մաղադանոս, համեմ, ռեհան, սամիթ
Ջուր – 50–100 գրամ
Աղ և սև պղպեղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ոսպն ու սիսեռը թրջել մեկ օր առաջ երեկոյան, ընկույզն աղալ։ Առանձին թրջել սալորաչիրը։
Սոխը մաքրել, լվանալ, մանր կտրատել և շոգեխաշել բուսայուղի մեջ։
Աղալ ոսպն ու սիսեռը, աղացած ընկույզը, շոգեխաշած սոխն ու նախօրոք լվացած բրինձը։ Ավելացնել մանր կտրատած կանաչեղենը, սև պղպեղը, աղը, խառնել։ Ավելացնել ջուր, որպեսզի խճողակը փափկի։
Խաղողի տերևների վրա եռման ջուր լցնել, թողնել մի քանի րոպե, այնուհետև հանել և կտրել պոչիկները։ Խճողակը լցնել տերևների մեջ, փաթաթել և դնել կաթսայի մեջ` արանքներում դնելով նաև սալորաչիրը։ Վերջում տոլմայի վրա ջուր լցնել։ Եփել մինչև ջուրը գոլորշիանա։ Պասուց տոլման պետք է մատուցել սառը վիճակում։
5. Լոբաճաշ
Լուսանկարը` Gratitude
Բաղադրիչներ
Կարմիր լոբի – 2 բաժակ
Ջուր – 1,5 լիտր
Գլուխ սոխ – 2 հատ
Ընկույզ – 0,5 բաժակ
Կարտոֆիլ – 2–3 հատ
Աղ, կարմիր պղպեղ և համեմ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լվացած լոբու վրա սառը ջուր լցնել և թողնել 6 ժամով։ Ջուրը թափել, կրկին ավելացնել ջուր և եռացնել` հանելով վերևում առաջացած շերտը։ Եփել դանդաղ կրակի վրա մինչև լոբին փափկի։
Պատրաստի լոբին պետք է տրորել քամիչի միջոցով և ավելացնել լոբու ջուրը, մինչև որ խիտ զանգված ստացվի: Լոբու զանգվածին ավելացնել մանր կտրատած սոխեռած, մանրացված ընկույզը, կարտոֆիլը, աղը, պղպեղը: Այս ամենը հարկավոր է լավ խառնել, ավելացնել լոբու մնացած ջուրը, եռացնել։ Կրակի վրայից վերցնելու առաջ ավելացնել մանրացված համեմը։
6. Հաճարով, սնկով փլավ
Լուսանկարը` Hayastannews.com
Բաղադրիչներ
Շամպինիոն տեսակի թարմ սունկ – 250 գրամ
Գլուխ սոխ – 1 հատ
Սև պղպեղ – ըստ ճաշակի
Հաճար – 1 բաժակ
Բուսական յուղ – 4 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Հաճարը մաքրել և լվանալ։ Սոխը կտրատել կիսալուսնաձև, կաթսայի մեջ հալեցնել բուսական յուղը, տապակել սոխը մինչև դառնա թափանցիկ։ Շամպինիոնները բարակ կտրատել, ավելացնել տապակած սոխի վրա և շարունակել տապակել ևս 5 րոպե։ Այնուհետև ավելացնել աղ, սև պղպեղ, պատրաստել ևս 2 րոպե։ Ավելացնել հաճարը, խառնել, 2 րոպե անց ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր։ Պակասեցնել կրակը, փակել կաթսայի կափարիչն ու եփել մոտ 20 րոպե։ Մատուցել տաք վիճակում։
7. Բրնձով–ոսպով փլավ
Լուսանկարը` Wikihow.com
Բաղադրիչներ
Բրինձ – 8 ճաշի գդալ
Ոսպ – 5 ճաշի գդալ
Գլուխ սոխ – 1 հատ
Բուսայուղ – 2–3 ճաշի գդալ
Աղ – 0,5 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Բրինձն ու ոսպը մաքրել, լվանալ, առանձին եփել մինչև կիսահում վիճակ (10–12 րոպե), լցնել քամիչի վրա։ Մաքրել և մանր կտրատել սոխը, տապակել բուսայուղով կաթսայի մեջ, ավելացնել ոսպն ու բրինձը, խառնել, լցնել տաք ջուր (0,5–0,7 մմ.), աղ անել, ուժեղ կրակի վրա եռացնել, այնուհետ թուլացնել կրակը և եփել մինչև ճաշատեսակը պատրաստ լինի։
8. Ավելուկով աղցան
Լուսանկարը` Chef.tm
Բաղադրիչներ
Ավելուկ – 150 գրամ
Ընկույզ – 40 գրամ
Գլուխ սոխ – 3 հատ
Բուսայուղ – 3 ճաշի գդալ
Մի փոքր սխտոր, համեմ
Պատրաստման եղանակը
Կտրատել ավելուկը, լվանալ հոսող ջրի տակ, մի քանի ժամով դնել գոլ ջրի մեջ։ Այնուհետև ավելուկը տեղափոխել կաթսայի մեջ, լցնել ջուր և ավելացնել սխտորը։ Սկզբում կաթսան դնել ուժեղ կրակի վրա, եռալուց հետո կրակը պակասեցնել և եփել ևս 30 րոպե։ Ավելուկի եփած տերևները համեմել աղով, տեղափոխել քամիչի մեջ, թողնել, որ հովանա։ Այնուհետև բաժանել մանր կտորների։ Մանր կտրատած սոխը տապակել բուսայուղի մեջ, ավելացնել մանր կտրատած համեմը, ճզմած սխտորն ու մանրացրած ընկույզը, համեմել պղպեղով։ Վերջում զարդարել հունական ընկույզով և նռան հատիկներով։
9. Խաշած լոբի տոմատի սոուսով
Լուսանկարը` Lucky-girl.ru
Բաղադրիչներ
Կարմիր լոբի – 500 գրամ
Ջուր – 2 լիտր (լոբին թրջելու համար) և 1,5 լիտր (խաշելու համար)
Տոմատի մածուկ – 50 գրամ
Բուսայուղ – 3 ճաշի գդալ
Գլուխ սոխ – 1 հատ
Աղ, պղպեղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լվացած լոբին մեկ գիշեր թողնել ջրի մեջ, առավոտյան փոխել ջուրն ու եփել մինչև փափկի։ Եփած լոբուն ավելացնել մանր կտրատած և տոմատի մածուկի հետ տապակած սոխը։ Լավ խառնել, համեմել աղով, պղպեղով և եռացնել։
10. Մշոշ
Լուսանկարը` Lady.mail.ru
Բաղադրիչներ
Ոսպ – 100 գրամ
Ընկույզ – 60 գրամ
Ծիրանաչիր – 40 գրամ
Գլուխ սոխ – 2 հատ
Բուսայուղ – 20 գրամ
Աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ոսպը թրջել 4 ժամով, այնուհետև թափել ջուրը, վրան ավելացնել երեք բաժակ ջուր և եփել 30 րոպե` ավելացնելով կես թեյի գդալ աղ։ Այնուհետև ավելացնել մանր կտրատած, տապակած սոխը, մանրացված ընկույզը, ծիրանաչիրն և եփել ևս 10 րոպե` անընդմեջ խառնելով։ Ոսպը մատուցել մաղադանոսով և կծու պղպեղով։
Բարի ախորժակ։–0–