ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ոփսալայի համալսարանի գիտնականները կլինիկական հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ քնի պակասը, հնարավոր է, ազդում է աղիների միկրոֆլորայի վրա:
Ավելի վաղ հետազոտողները կապ են գտել աղիների միկրոֆլորայում տեղի ունեցող փոփոխությունների և ճարպակալման, ինչպես նաև 2-րդ տիպի դիաբետի միջև, հաղորդում է
Ռոսիյսկայա գազետան:
Նոր հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են նորմալ քաշ ունեցող 9 առողջ տղամարդու տվյալները, հայտնում է UPI.com-ը: Հետազոտության պայմանների համաձայն, կամավորներին երկու օր անընդմեջ թույլատրվում էր քնել օրը ընդամենը 4 ժամ: Արդյունքում, գիտնականները չեն հայտնաբերել ոչ մի ապացույց, որ քնի պակասը ազդում է աղիների բակտերիաների բազմազանության վրա, սակայն նրանք ուշադրություն են դարձրել այլ կարևոր փոփոխությունների վրա:
Այսպես, մի խումբ բակտերիաների ավելի մանրակրկիտ վերլուծության ժամանակ փոփոխություններ են գրանցվել միկրոֆլորայում: Այդ փոփոխությունները նման էին այն փոփոխություններին, որ ավելի վաղ գրանցվել են ճարպակալում և նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ աղիների միկրոբիոտների վիճակը համեմատող հետազոտությունների ժամանակ: Օրինակ, գիտնականները Firmicutes մանրէների մակարդակի բարձրացում` Bacteroidetes տիպի մանրէների համեմատ:
Բացի այդ, կամավորների մոտ քնի պակասից հետո 20 տոկոսով նվազել է ինսուլինի նկատմամբ զգայունությունը: Ճիշտ է, գիտնականները կարծում են, որ դա կապ չունի աղիների միկրոֆլորայի փոփոխությունների հետ: Նրանց խոսքերով, հարկավոր են նոր, ավելի զանգվածային և երկարատև հետազոտություններ:
Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Molecular Metabolism ամսագրում: -0-