ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում փետրվարի 1–ին մի քաղաքացուհի հաղորդում էր տվել, որ հուլիսին սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է ոմն Գ.–ի հետ, ով որոշ ժամանակ անց իրեն տեղեկացրել է, որ ձեռք է բերել աղջկա ինտիմ լուսանկարները և դրանք չհրապարակելու համար պահանջել է թանկարժեք հեռախոս, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հետագայում, սակայն, հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
«Մշակվել է օպերատիվ–հետախուզական միջոցառումների պլան։ Փետրվարի 6–ին Խանջյան փողոցում կազմակերպվել է դարանակալում, ինչի արդյունքում ոստիկանները շորթմանն օժանդակելու կասկածանքով բերմա են ենթարկել տաքսու վարորդ Ա.–ին», –նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ վերջինիս հայտարարության, ինքը բջջային հեռախոսով խոսել է իրեն զանգահարած անծանոթի հետ, որն էլ ուղղորդել է նշված գումարը վերցնել և փոխանցել մեկ այլ անձի։
«Հետագայում պարզվել է, որ ուղղորդողը ՔԿՀ–ի դատապարտյալ Գուրգեն Ասատրյանն է», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը չի բացառում, որ տուժած լինեն այլ անձինք ևս։
Շորթման փաստով հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում