Զգոն եղեք․ booking.com–ում ֆիշինգային հարձակումներ են կազմակերպվում․ զեղծարարները կոտրում են հյուրանոցների հաշիվնեերը

18.01.2024, 15:56
Զեղծարարները կոտրում են հյուրանոցների հաշիվները նշված կայքում ու հյուրանոցի անունից նամակներ ուղարկում ամրագրումներ կատարած մարդկանց
Զգոն եղեք․ booking.com–ում ֆիշինգային հարձակումներ են կազմակերպվում․ զեղծարարները կոտրում են հյուրանոցների հաշիվնեերը
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է, որ ֆիշինգային հարձակումներ են կազմակերպվում Booking.com ամրագրումների կայքի միջոցով, հաղորդում է ARKA Telecom հեռահաղորդակցական պորտալը։

Զեղծարարները կոտրում են հյուրանոցների հաշիվները նշված կայքում ու հյուրանոցի անունից նամակներ ուղարկում ամրագրումներ կատարած մարդկանց։

Մասնավորապես, նամակի մեջ նշում են, որ ամրագրման հետ կապված խնդիր կա ու պետք է վերահաստատել բանկային քարտի տվյալները, ինչը անելու համար տրամադրում են Booking.com կայքին արտաքին տեսքով նման կեղծ կայքի հղում։

«Նշված կայքով քարտային տվյալները վերահաստատելու համար նամակներ ստանալիս եղեք զգույշ, ստացած հղումներով անցնելիս այդ կայքում մի լրացրեք բանկային տվյալներ։ Ձեր ամրագրումների հետ կապված խնդրի մասին փորձեք ճշտել հենց հյուրանոցից կամ Booking.com-ից։ Կայքի պատասխանատուները տեղյակ են խնդրի մասին և աջակցում են իրենց այցելուներին», – նշել են գործակալությունից։-0-