ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դիետոլոգների և գաստրոէնտերոլոգների եվրոպական ասոցիացիայի փորձագետները կազմել են մթերքների վարկանիշ, որոնք օգնում են մնալ երիտասարդ և առողջ։
Գիտնականների հաշվի են առել մթերքներում առկա վիտամինները, միկրոտարրերը, հակաօքսիդանտները, ընդ որում այն բիոքիմիական ձևով, որը հեշտությամբ մարսվում է, գրում է
kp.ru–ն։
Եվ այսպես...
1.Լոլիկ
Լոլիկում շատ է ակտիվ հակաօքսիդանտի` լիկոպինի, բջջանյութի և կալիումի պարունակությունը, որոնք օգտակար են սիրտ–անոթային համակարգին։ Լոլիկի հյութը դանդաղորեն իջեցնում է զարկերակային և ներգանգային ճնշումը, այն օգտակար է խմել հիպերտոնիայի և գլաուկոմայի դեպքում։
Ի դեպ, լոլիկը ջերմային մշակումից հետո դառնում է ավելի օգտակար, քան հում վիճակում։
2.Վարսակափաթիլ
Վարսակափաթիլում շատ են բուսական սպիտակուցները, բջջանյութը, В խմբի վիտամինները։ Ընդամենը մեկ թասիկ վարսակափաթիլի շիլան կարող է նվազեցնել արյան ճնշումը 5–10 միավորով։ Բացի այդ, այն մաքրում է մարսողական համակարգը տոքսիններից։
3. Կիվի
Կիվին պարունակում է մեծ քանակությամբ А, С և Е վիտամինները։ Կիվիի սերմերը պարունակում են օմեգա–3 ճարպաթթուներ։ Կիվին օգտակար է հոդերի էլաստիկության համար։ Արթրիտ և արթրոզ ունեցող մարդկանց համար օգտակար է ուտել շաբաթական առնվազն երկու կիվի։
4. Խաղող
Խաղողում շատ են բիոֆլավոնոիդները, որոնք օրգանիզմում դանդաղեցնում են օքսիդացման գործընթացները, դրական են ազդում անոթների վրա, կանխարգելում են թրոմբի առաջացումը։ Բիոֆլավոնոիդները նաև կանխարգելում են չարորակ բջիջների առաջացումը։
5. Ձուկ և ծովամթերք
Ձուկն ու ծովամթերքը պարունակում են ճարպեր, վիտամիններ, հանքանյութեր և միկրոտարրեր (օրինակ` ցինկ), որոնք պատասխանատու են մաշկի էլաստիկության և սրտի հաղորդականության համար։
Միաժամանակ ձկներն ու այլ տեսակի ծովամթերքը կուտակում են առողջության համար վտանգավոր սնդիկ և արճիճ, այդ պատճառով կարևոր է, որպեսզի ձկնամթերքը պարտադիր անցնի էկոլոգիական անվտանգության ստուգում։
6. Բրոկկոլի
Կաղամբի այս տեսակը պարունակում է շատ հակաօքսիդանտներ, կալիում և մագնիում։ Բրոկկոլին հիանալի դիետիկ մթերք է, որն օգտակար է նյութափոխանակության խանգարման դեպքում։
Բրոկկոլին կարելի է մատուցել որպես նախուտեստ կամ եփել գոլորշու վրա։ Խորհուրդ է տրվում օրական օգտագործել մոտ 200–250 գրամ բրոկկոլի։
7. Ավոկադո
Ավոկադոն պարունակում է ճարպաթթուներ, որոնք օգնում են արյունատար անոթների թարմացմանը։ Այն պարունակում է նաև ֆերմենտներ, որոնք կարգավորում են շաքարի մակարդակն արյան մեջ։
8. Հավկիթ
Հավկիթը հարուստ է կալցիումով և լեցիտինով, որը կանխարգելում է մաշկի արագ ծերացումը։
9. Սխտոր
Սխտորը պարունակում է ալիցին, որը նվազեցնում է ճնշումը հիպերտոնիայի դեպքում։ Հայտնի են նաև սխտորի հակաբակտերիալ հատկությունները։
10. Ձիթապտղի ձեթ
Դեռ Հին Հունաստանում ձիթապտղի ձեթն անվանում էին «հեղուկ ոսկի»։ Ձեթի այս տեսակը պարունակում է մեծ քանակի օլեինաթթու, որը պաշտպանում է օրգանիզմի բջիջներն արտաքին վնասվածքներից և թթվեցման պրոցեսներից։–0–