Արցախցի զինվորը դարձել է ոսկրածուծի դոնոր և փրկել իրանցու կյանքը (ՖՈՏՈ)

08.07.2017, 11:50
Դոնոր է դարձել 23–ամյա Սերգեյը, ով ծառայում է Արցախի շփման գծում։  
Արցախցի զինվորը դարձել է ոսկրածուծի դոնոր և փրկել իրանցու կյանքը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը (The Armenian Bone Marrow Donor Registry, ABMDR) հայտարարել է, որ բարեհաջող իրականացվել է ոկրածուծի փոխպատվաստման 30–րդ վիրահատությունը, հաղորդում է asbarez.com–ը։

Դոնոր է դարձել 23–ամյա Սերգեյը, ով ծառայում է Արցախի շփման գծում։ Նրա շնորհիվ կփրկվի քաղցկեղով հիվանդ մի իրանցի։

 - рис.1

Լուսանկարը` asbarez.com–ից

«2017 թ.–ի հուլիսի 3–ին Սերգեյը դարձավ ABMDR–ի 30–րդ դոնորը։ Նա վերապրեց անծանոթի կյանքը փրկելու երջանկությունը», – նշել է հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանը։

Աղբյուրի հաղորդմամբ, 2012 թ.–ից Սերգեյը համալրել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի շարքերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացված արշավի ժամանակ։ Հինգ տարի անց պարզվել է, որ նա կարող է հիանալի դոնոր դառնալ իրանցի հիվանդի համար, ով տառապում է լեյկեմիայով, և նրա ապրելու միակ հույսը ոսկրածուծի համապատասխան դոնոր գտնելն է։

Սերգեյին արձակուրդ են տվել, և նա կնոջ ու վեց ամսական որդու հետ առաջնագծից եկել է Երևան` իր ցողունային բջիջները նվիրաբերելու և հիվանդի կյանք փրկելու համար։

 - рис.2

Լուսանկարը` asbarez.com–ից

Չորս ժամ տևած անցավ, ոչ ինվազիվ պրոցեդուրայից հետո բժիշկները ցողունային բջիջները ենթարկել են որակի վերահսկման անալիզի և փոխանցել հատուկ առաքչի, ով դրանք անմիջապես տեղափոխել է Իրան։

Բժշկական պրոցեդուրայից հետո Սերգեյը միացել է իր ընտանիքին` դառնալով իսկական հերոս, իսկ ինչ–որ մեկն Իրանում Սերգեյի շնորհիվ ստացել է ապրելու երկրորդ հնարավորությունը։

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թ.–ին։ Կազմակերպությունն օգնում է հայերին և օտարերկրացիներին բուժվել արյան հետ կապված հիվանդություններից` գտնելով և համադրելով ցողունային բջիջների դոնորների։ Մինչ օրս ռեեստրը հավաքել է ավելի քան 29 հազար դոնոր չորս մայրցամաքների 42 երկրներում, գտել է ավելի քան 4190 հիվանդ և աջակցել ոսկրածուծի 30 փոխպատվաստման։–0–