ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հայաստանյան այցը չեղարկվել է, տեղեկացրել է «Ժամանակ» ստամբուլյան հայկական թերթի խմբագիր Արա Գոչունյանը։
«Սրբազանը հիմա Ստամբուլում է։ Հայաստան չի գնալու», – Գոչունյանի խոսքերը մեջբերում է Ինտերֆաքսը։
Նրա խոսքով` «չեղարկման պատճառը, հավանաբար, Հայաստանում նրա այցի շուրջ ստեղծված իրավիճակն է»:
Ավելի վաղ Աթեշյանը նամակ էր գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի կապակցությամբ։ Աթեշյանն իր նամակում անընդունելի է համարել այն փաստը, որ ԳԴՀ խորհրդարանն իրավաբանական պատասխանատվություն է ստանձնել։ Նա հայտարարել է, որ «այս որոշումը ժողովրդի մեջ հարուցել է խորը ափսոսանք»։
Մայր Աթոռում չեն բացառում, որ Էրդողանին հասցեագրված արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը գրվել է ճնշման ներքո>>
Աթեշյանի այցի կապակցությամբ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում էր կազմակերպել բողոքի ակցիա։ Նախաձեռնող խումբը հայտարարել էր, որ Աթեշյանն «ուզում է իր անցանկալի ներկայությամբ պղծել Հայաստանը»։
Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ հունիսի 15-ին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կմեկնի Ռուսաստան, որից հետո կժամանի Երևան՝ մասնակցելու Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին:–0–