ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՄԱԿ–ի կողմից «մարդ» ճանաչված և քաղաքացիություն ստացած Սոֆիա բացառիկ ռոբոտը կմասնակցի Երևանում հայ–ֆրանսիական ֆորումի շրջանակում կազմակերպված բանավեճերին, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը։
Հայ–ֆրանսիական գործարար ֆորումը կանցկացվի հոկտեմբերի 9–ին և 10–ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումների շրջանակում։
«Ֆորումի օրերին Երևանում է գտնվելու ֆրանսիացի գիտնական Լուի Պուզենը, ով համարվում է ինտերնետի «հայրերից» մեկը, ինչպես նաև աշխարհում միակ կատարյալ ռոբոտը` Սոֆիան», – նշել է Ադամյանը։
Նրա խոսքով, Երևանում կայանալիք գործարար ֆորումին կմասնակցի մոտ 360 ձեռներեց։
«Հատուկ նրանց համար հոկտեմբերի 9–ին կկազմակերպվի Digitec ՏՀՏ–ցուցահանդեսը», – ասաց Ադամյանը։–0–