Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը

06.12.2016, 19:03
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։

Ինչպես նշեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը, հունվարի 2–ից Հայաստանում գործելու է «Կոսմետիկայի և օծանելիքի անվտանգության մասին» ԵՏՄ միասնական տեխնիկական կանոնակարգը, որը կարգավորելու է 13 անուն ապրանքների թողարկումը։

Խալիկյանը կոչ արեց կոսմետիկ միջոցների արտադրողներին և ներկրողներին համապատասխանեցնել իրենց արտադրանքը կանոնակարգին` զգուշացնելով, որ հունվարի 2–ից սկսվելու են համատարած ստուգումներ, և թերությունների դեպքում ընկերությունները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 300 պատիկի չափով, իսկ անորակ արտադրանքի վաճառքը կդադարեցվի մինչև խախտումների շտկումը։

«Մինչ օրս մենք քաղաքացիներից ստացել ենք 110 բողոք անորակ կոսմետիկ միջոցների մասին։ Քաղաքացիները նաև բողոքում են, որ կոսմետիկ միջոցները հանգեցնում են ալերգիայի և առողջության հետ կապված այլ խնդիրների։ Տեխնիկական կանոնակարգը կօգնի լուծել այս հարցերը։ Այն նախատեսում է հայերեն լեզվով գրություն, արտադրանքի վրա նշված կլինի բաղադրությունը, արտադրող երկիրը և այլն», – ընդգծեց Խալիկյանը։

Նա ավելացրեց, որ կանոնակարգը կկարգավորի նաև եվրոպական երկրներից ներմուծվող կոսմետիկ միջոցները։ «Կարևոր չէ, թե որտեղից են ներկրվում կոսմետիկ միջոցները, եթե դրանք իրացվում են Հայաստանի տարածքում, ապա պետք է համապատասխանեն տեխնիկական կանոնակարգին», – նշեց Խալիկյանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալներով` Հայաստանում գործում է կոսմետիկ միջոցների ներկրմամբ զբաղվող 271 կազմակերպություն, որոնցից միայն 42–ն է անցել հավաստագրում և համապատասխանում է նոր տեխնիկական կանոնակարգի պահանջներին։–0–