Հայաստանում էականորեն կնվազեն դեղերի գները. նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանում էականորեն կնվազեն դեղամիջոցների գները, ուրբաթ ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
«Մենք իրականացնում ենք փորձնական ծրագիր, որի շրջանակում իրականացրել ենք ամենահաճախ օգտագործվող դեղամիջոցների 7%–ի կենտրոնացված գնում։ Բանակցություններ են տարվել մատակարարների հետ, ինչի արդյունքում հնարավոր է դարձել իջեցնել դեղամիջոցների գները 28 տոկոսով», – ասաց Ալթունյանը։
Նա նշեց, որ խոսքն այն դեղերի մասին է, որոնք գնվում են պետբյուջեի շրջանակում։
«Օրինակ, օնկոլոգիական հիվանդություների բուժման ժամանակ օգտագործվող «Հերցեպտին»–ի մեկ ամպուլան այսօր շուկայում արժե 680 հազար դրամ ($1420)։ Նշեմ, որ բուժման մեկ կուրսի համար անհրաժեշտ է 18–20 ամպուլա», – ասաց Ալթունյանը։
Նրա խոսքով, վաղը Հայաստան կժամանեն ընկերության ներկայացուցիչները, և նախատեսվում է, որ բանակցություների արդյունքում դեղամիջոցի գինը կնվազի գրեթե 50 տոկոսով։
«Այսինքն, մեկ ամպուլայի գինը կլինի 400 դոլարից ոչ ավել ($836)», – ասաց Ալթունյանը` նշելով, որ շուտով կնվազեն նաև քրոնիկ հիվանդների համար նախատեսված դեղամիջոցների գները։ –0–