Հայաստանն ու Դանիան վիզաների դյուրացման համաձայնագիր ստորագրեցին (ՎԻԴԵՈ)

15.03.2018, 10:35
Հայաստանն ու Դանիան դյուրացնում են վիզային ռեժիմը։
Հայաստանն ու Դանիան վիզաների դյուրացման համաձայնագիր ստորագրեցին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Անդերս Սամուելսենը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը:

Ինչես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, չորեքշաբթի Կոպենհագենում տեղի է ունեցել արտգործնախարարների հանդիպումը։

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 9–ի նիստի ժամանակ հավանություն է տվել Դանիայի հետ վիզաների տրամադրման ընթացակարգի դյուրացման մասին համաձայնագրին։

ՀՀ քաղաքացիներն իրավունք են ստանում գտնվել Դանիայում և Շենգենյան գոտու այլ երկրներում 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով, ինչը զգալի քայլ է վիզային ռեժիմի դյուրացման հարցում։ Վիզայի տրամադրման դյուրացված ընթացակարգը գործում է մերձավոր ազգականների համար` ամուսիններ, երեխաներ (ներառյալ որդեգրվածները), ծնողներ (ներառյալ խնամակալները), տատիկներ, պապիկներ, թոռներ, ովքեր այցելում են Դանիայի Թագավորության տարածքում օրինական բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կամ Դանիայի Թագավորության տարածքում բնակվող Դանիայի Թագավորության քաղաքացիներին, պաշտոնական պատվիրակության անդամների համար, դպրոցականների, ուսանողների, հետբուհական կրթություն ստացող անձանց և ուղեկցող ուսուցիչների համար, բուժման նպատակով ճամփորդող և ուղեկցող` անհրաժեշտ անձանց համար, լրագրողների և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմի համար, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցների և մասնա­գիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկ­ցող անձանց համար, գործարարների և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչների համար, Դանիայի Թագավորության տարածքում անցկացվող միջազգային ցուցահանդեսներին, խորհրդաժողովներին, գիտաժողով­նե­րին, սեմինարներին կամ այլ նմանատիպ միջոցառումներին մասնակցող մասնա­գետ­ների համար։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել նաև հայ-դանիական օրակարգային հարցերին, մտքեր փոխանակել տարբեր բնագավառներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության առավել զարգացման ուղիների շուրջ:

Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևրտատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք նշվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների կարևորությունը: Այս համատեքստում արտգործնախարարներն ընդգծել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացման կարևորությունը:

Անդրադառնալով երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է, որ այս այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել 3 համաձայնագիր:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստան ԵՄ հարաբերություններին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:–0–