ՀՀ-ում 28-ամյա կինը «Օդնոկլասնիկի» միջոցով տղամարդուց հափշտակել է գրեթե 15 հազար դոլար
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Մասնավորապես, մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա կինը, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, կեղծ անձնական տվյալներով ծանոթություններ է հաստատել «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում, որի միջոցով ծանոթացել է Կոտայքի մարզի 52-ամյա բնակչի հետ և 2012- 2015թթ. ընթացքում շփվելով վերջինիս հետ՝ ձևավորել է մտերմիկ հարաբերություններ և գոյություն չունեցող առողջական, ընտանեկան խնդիրներ լուծելու մտացածին կեղծ պատրվակներով գումարներ վերցնելու հնարավորությունն իրացնելով, չարաշահել է նրա վստահությունն ու հափշտակել դրանք՝ հետագայում վերադարձնելու կեղծ խոստմամբ:
«Այնուհետև տեսնելով, որ 52-ամյա տղամարդը այլևս չի վստահում կեղծ տվյալներով անձին և դադարել է գումարներ տրամադրել, որոշել է ներկայանալ իր իրական տվյալներով ու շարունակել տարբեր պատրվակներով գումարներ վերցնել: Արդյունքում՝ 2012-2015թթ. ընթացքում 52-ամյա տղամարդու վստահությունը չարաշահելու եղանակով, վերջինից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ընդհանուր՝ 7.213.273 ՀՀ դրամ գումար», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:-0-