ՀՀ տրանսպորտի նախարարությունը մեկնաբանել է հայկական բեռնատարների կուտակումը Վերին Լարսում

03.07.2018, 13:36
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարզաբանել է Վերին Լարս անցակետում մեքենաների կուտակման պատճառները։
ՀՀ տրանսպորտի նախարարությունը մեկնաբանել է հայկական բեռնատարների կուտակումը Վերին Լարսում

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարզաբանել է Վերին Լարս անցակետում մեքենաների կուտակման պատճառները։

Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ–ները, արդեն մի քանի օր է, ինչ Վերին Լարս անցակետում կուտակվում են բեռնատարներ Հայաստանից, որոնք չեն կարողանում անցնել անցակետը։ Գրեթե մեկուկես հազար մեքենաների հերթը կազմում է մի կիլոմետր։ Ինչպես նշում են ականատեսները, մեքենաները բեռնված են, հիմնականում, Հայաստանից դուրս բերվող գյուղատնտեսական արտադրանքով, սակայն դրանք չեն կարող հատել սահմանը։

«Խնդիրը կապված է վրացական սահմանում նոր էլեկտրոնային համակարգի ներդրման հետ, որը ենթադրում է տոմսերի ամրագրում մաքսային ընթացակարգ անցնելու համար (Էլեկտրոնային հերթ – խմ.)», – «Նովոստի Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը։

Ըստ նրա, հայկական գերատեսչության աշխատակիցները ներկա պահին քննարկումներ են անցկացնում ռուսական ու վրացի գործընկերների հետ` ընթացակարգերի պարզեցման համար։

Վերին Լարս անցակետի նախագծային թողունակությունը կազմում է 170 միավոր բեռնատար, 200 միավոր մարդատար տրանսպորտ ու 40 ավտոբուս, ինչպես նաև 4000 ֆիզիկական անձ օրական։ Համեմատության համար` 2018 թ.–ի հունիսի 30–ին  մաքսային սահմանը անցել է 12 հազար ֆիզիկական անձ, 2000 մարդատար ու 600 բեռնատար մեքենա։ -0-