ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ:
«Մայիսի 9-ը վաղուց արդեն դարձել է մեր հերոս ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Պատմությունը մեկ անգամ չէ ապացուցել, որ տարբեր ժամանակահատվածներում հայրենիքի համար վճռորոշ պահերին մենք կարողացել ենք համախմբվել և պաշտպանել համազգային շահը, մեր հողն ու օջախը, ընտանիքն ու երեխաներին։ Մեր ժողովրդին դա հաջողվել է իր խիզախության ու արիության, հայրենիքի հանդեպ անսահման սիրո և նվիրվածության, իր միասնականության ու անսասան կամքի շնորհիվ», - նշվում է ուղերձում:
Загружается новость ... "Лево"
Բակո Սահակյանը նշել է նաև, որ Հայաստանում ու Արցախում միշտ հիշում են հերոս հայրերի ու պապերի սխրագործությունները Մեծ Հայրենականում:
«Մենք միշտ հիշում ենք մեր հերոս հայրերի ու պապերի սխրագործությունները Մեծ Հայրենականում, մենք դաստիարակվել ենք նրանց օրինակով ու նաև այդ օրինակով էլ ոգեշնչված ազատագրել ենք Շուշին, հայկական հինավուրց բնակավայրերը և կերտել ազատ ու անկախ պետականություն: Մեր ժողովրդի հերոսական ավանդույթներն այսօր շարունակում է անկախության սերունդը, շարունակում է պատվով ու վստահորեն՝ հարստացնելով մեր տարեգրության հաղթական էջերը», - նշվում է ուղերձում:
Այս տոնական օրը Բակո Սահակյանը շնորհավորել է բոլոր քույրերին ու եղբայրներին Արցախում, Մայր Հայաստանում եւ Սփյուռքում:
«Թող մայիսյան նվիրական հաղթանակները միշտ ուղենիշ լինեն մեր ժողովրդի համար և տանեն դեպի նոր նվաճումներ ու ձեռքբերումներ։ Բոլորիս մաղթում եմ խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք», - եզրափակել է նա:-0-