ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Արենի» գինու 8–րդ փառատոնն անցկացվեց սեպտեմբերի 30–ին և հոկտեմբերի 1–ին Վայոց Ձորի Ռինդ և Արենի գյուղերում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, թե, արդյոք, փառատոնի կազմակերպիչները գտա՞ն ճշմարտություն գինու մեջ։
Ինչպե՞ս է ամեն ինչ սկսվել
«Արենի» գինու առաջին փառատոնը կազմակերպվել է 2009 թ.–ին, այս տարիների ընթացքում փառատոնը դարձել է հանրահայտ ոչ միայն Հայաստանում, այլ նաև երկրի սահմաններից դուրս։
Ինչու՞ է հարկավոր փառատոնը
Փառատոնի նպատակներից է ներկայացնել Հայաստանը որպես գինեգործության բնօրրաններից և կարևոր կենտրոններից մեկը, ինչպես նաև ներկայացնել երկիրը զբոսաշրջության տեսակետից։
Փառատոնի նպատակն է զարգացնել գյուղատնտեսական և էկոլոգիական զբոսաշրջությունը` համայնքների բարեկեցության մակարդակն ավելացնելու համար։
Ինչո՞վ է Արենի–2016–ը տարբերվում նախորդ փառատոններից
Այս տարի արտադրողները ներկայացրեցին գինու 14 անուն, որոնցից որոշները նորույթ են հայկական շուկայի համար։
Ներկայացվել է տնային արտադության 100 տեսակի գինի։ Համեմատության համար պետք է նշել, որ նախորդ տարի ներկայացվել էր ընդամենը 40–ը։
Փառատոնի շրջանակում կազմակերպվել էր բացօթյա համերգ` հայաստանցի ու արցախցի երաժիշտների մասնակցությամբ։
Տեղի ունեցավ Արենի, Ռինդ և Խաչիկ գյուղերում պատրաստված տնային գինիների մրցույթ։
Ժամանցային ծրագրում ներառված էին կրկեսային համարներ, տիկնիկային բեմադրություններ, ինչպես նաև հայկական ավանդական խաղեր։
Իսկ ովքե՞ր էին հյուրերը
Փառատոնին եկել էին մասնակցելու բազմաթիվ հյուրեր 70 երկրներից, մասնավորապես` Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ–ից, Բրազիլիայից և Աֆրիկայից։
Փառատոնի պատմության ընթացքում առաջին անգամ միջոցառմանը մասնակցեցին ՄԱԿ–ի համաշխարհային տուրիստական կազմակերպության (UNWTO) ներկայացուցիչները, ովքեր ժամանել են Հայաստան` կազմակերպության 37–րդ նիստին մասնակցելու համար։
Հետգրություն
UNWTO կապերի գծով գործադիր տնօրեն Կառլոս Վոգելերը նշեց, որ տպավորված է Հայաստանով` որպես տուրիստական ուղղություն և գեղեցկագույն երկիր։
Հայաստանի միակ ռեսուրսը մարդիկ են` բարյացակամ և հյուրընկալ, ինչի շնորհիվ զբոսաշրջությունը Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ։–0–