ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս կիրառել առողջ սնվելու 12 պարզագույն սկզբունքներ, որոնք սահմանել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
«Հետևելով այս սկզբունքներին`կարելի է լինել լիովին առողջ, քանի որ առողջ կենսակերպը 21-րդ դարին բնորոշ տարածված հիվանդությունները կանխարգելող կարևորագույն գործոններից է: Ակտիվ ու շարժուն կենսակերպը, վնասակար սովորություններից հրաժարվելը նույնքան կարևոր են, որքան ճիշտ և առողջ սննդակարգին անցնելը», - ընդգծում են գերատեսչությունից:
1.Սննդակարգը պետք է լինի բազմազան, նախընտրություն պետք է տալ բուսական և ոչ թե կենդանական սննդին:
2. Ամեն օր և սննդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ պետք չէ օգտագործել հաց, հացահատիկային մթերք, մակարոնային արտադրանք, բրինձ կամ կարտոֆիլ:
3. Օրը մի քանի անգամ պետք է միրգ և բանջարեղեն ուտել՝ նախապատվություն տալով թարմ և տեղական ծագման մթերքին:
4. Մարմնի քաշը պետք է պահպանել նորմի սահմաններում՝ ամենօրյա չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության օգնությամբ:
5. Պետք է վերահսկել օգտագործվող ճարպերի քանակը (այն պետք է կազմի օրվա ընթացքում ստացվող էներգիայի ոչ ավելի, քան 30 տոկոսը)` հագեցած ճարպաթթուների մեծ մասը փոխարինելով չհագեցած բուսական յուղերով:
6. Յուղոտ միսն ու մսամթերքն անհրաժեշտ է փոխարինել ընդեղենով (լոբի, ոսպ, ոլոռ), ձկով, թռչնամսով:
7. Հարկ է օգտագործել յուղի և աղի ցածր պարունակությամբ կաթ և կաթնամթերք:
8. Պետք է ընտրել շաքարի ցածր քանակությամբ մթերք` սահմանափակելով ռաֆինացված շաքարի, քաղցր ըմպելիքի և քաղցրավենիքի օգտագործումը:
9. Օրվա ընթացքում օգտագործված աղի քանակը չպետք է գերազանցի մեկ գդալը՝ 5 գրամ, ներառյալ այն աղը, որն առկա է հացի, վերամշակված, ապխտած կամ պահածոյացված մթերքում:
10. Չպետք է չարաշահել ալկոհոլը, օրական օգտագործել առավելագույնը մինչև 20 գրամ:
11. Սնունդը պետք է պատրաստել հիգիենիկ և անվտանգ պայմաններում, նախընտրելի է շոգեխաշման, թխման մեթոդը, այդպիսով հնարավոր է նվազեցնել յուղի կիրառությունը:
12. Երեխաներին, կյանքի առաջին 6 ամիսներին, պետք է կերակրել բացառապես կրծքով, հաջորդիվ` կյանքի 1-ին տարում կազմակերպելով ճիշտ սննդակարգ։–0–