ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանի և Դավիթ Օհանյանի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կներկայացնի մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համապարփակ ծրագիր:
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, Տարոն Մարգարյանը հստակ պահանջ է դրել ծրագրի մշակման հիմքում դնել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման սկզբունքը:
«Ինչպես գիտեք, դեռ մայիս ամսին վերանայեցինք այս տարվա բյուջեով մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները: Այդ ժամանակ էլ շեշտել էի, որ այդ վերանայումը կանդրադառնա հատկապես մշակութային խոշոր միջոցառումների համար նախատեսված գումարների վրա:
Ամանորի տոնական միջոցառումները ևս այդ շարքում էին և, ըստ այդմ, անհրաժեշտ է մշակել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման ծրագիր», - նշել է նա:
Քաղաքապետը ընդգծել է, որ պետք է հիմնականում ուշադրության կենտրոնում պահել սոցիալական ուղղվածության ծրագրերը ու հանձնարարել ծրագիրն ամբողջացնելուց հետո այն ներկայացնել հանրությանը:
Բացի այդ, վարչական շրջանների ղեկավարներին, Երևան քաղաքի գլխավոր դիզայներին, արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու «Երքաղլույս» ՓԲԸ-ին էլ հանձնարարվել է սկսել մայրաքաղաքի տոնական ձևավորման նախապատրաստական աշխատանքներն ու սահմանված ժամկետում ապահովել Երևանի տոնական տեսքը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում