Օզոնային շերտը կարող է ամբողջովին վերականգնվել հարյուրամյակի կեսերին. ՄԱԿ
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գիտնականներին 35 տարվա ընթացքում առաջին անգամ հաջողվեց հաստատել, որ օզոնային շերտը սկսել է վերականգնվել, այն պաշտպանում է Երկիր մոլորակը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Շերտի ամբողջական վերականգնումը կարող է տևել մի քանի տասնամյակ, նշվում է չորեքշաբթի հրապարակված ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) համատեղ հետազոտության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հետազոտության մեջ նշվում է, որ օզոնային շերտի դրական փոփոխությունները, մասնավորապես, տեղի են ունենում համաձայնեցված միջազգային գործողությունների շնորհիվ, որոնք ուղղված են օզոնը քայքայող նյութերի օգտագործման դեմ:
«Մենք դրական փոփոխություններ ենք նկատել, որոնք ցույց են տալիս, որ օզոնային շերտը կարող է ամբողջովին վերականգնվել հարյուրամյակի կեսերին: Մոնռեալի արձանագրությունը շրջակա միջավայրի հարցերին վերաբերող ամենահաջողված պայմանագրերից մեկն է, այն պաշտպանում է օզոնային շերտը և կանխարգելում է Երկրագնդի մակերևույթը ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունից», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և UNEP-ի ղեկավար Ակիմ Սթեյները:
1987 թ.-ին ստորագրված Մոնռեալի արձանագրությունը, որը ուժի մեջ է մտել 1989 թ.-ի հունվարի 1-ին, այս պահին վավերացվել է ՄԱԿ-ի 196 պետությունների, այդ թվում նաև ՌԴ-ի կողմից: Փաստաթուղթը սկսած 2004 թ.-ից հիդրոքլորֆտորային ածխածնի կիրառման աստիճանական կրճատում է նախատեսում, որը քանդում է օզոնային շերտը և արագացնում է գլոբալ տաքացման գործընթացը: Նախատեսվում է այն ամբողջովին վերացնել մինչև 2030 թ.-ը:-0-