ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Facebook ընկերությունը պայմանավորվել է 2 մլրդ դոլարով վիրտուալ իրականության տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող Oculus VR ընկերության գնման մասին և մտադիր է խթանել ընկերության զարգացումը տեսախաղերի և հեռահաղորդակցության շուկայում, նշվում է Facebook–ի հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդել է Digit.ru–ն, Oculus VR–ը ստեղծվել է 2012 թ.–ին, այն գլխավորում է հիմնադիրներից մեկը` Բրենդան Իրիբեն (Brendan Iribe)։ Այսօրվա դրությամբ ընկերությունը Oculus Rift վիրտուալ իրականության ակնոցների համար ծրագրային ապահովման գործիքների ավելի քան 75 հազար պատվեր է ընդունել։ Նման մոդելների մշակմամբ զբաղվում են նաև Sony և Microsoft ընկերությունները։
«Մենք զգում ենք, որ կարող ենք կենտրոնանալ հաջորդ սերնդի պլատֆորմների ուղղությամբ, որոնք կարող են օգտագործման ավելի օգտակար, զվարճալի և անհատականացված փորձ ապահովել», – իր էջում գրել է Facebook–ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
Գործարքի գումարը կկազմի մոտ 2 մլրդ դոլար, որից 400 մլն կվաճառվի կանխիկ։ Բացի այդ, Oculus VR–ի սեփականատերերը կստանան Facebook–ի 23,1 մլն բաժնետոմսեր, դա մի փաթեթ է, որը գնահատվում է 1,6 մլրդ դոլար։ Բացի այդ, պայմանագրով նախատեսվում է վճարել 300 մլն դոլար կանխիկ և բաժնետոմսերով, եթե Oculus VR–ը հասնի թիրախային ֆինանսական ցուցանիշների։ Oculus VR–ը կշարունակի աշխատել որպես Facebook–ի անկախ ընկերություն, գործարքը նախատեսվում է փակել 2014 թ.–ի երկրորդ եռամսյակում։–0–