ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. 209P/LINEAR գիսաստղը, որը մայիսին Երկիր մոլորակին մոտ տարածության վրա կգտնվի, կարող է առաջացնել ամենատպավորիչ երկնաքարային անձրևներից մեկը։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս ամենը կանխատեսում են կանադացի աստղագետները Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրում հրապարակված հոդվածում։
2004 թ.–ին հայտնաբերված 209P/LINEAR գիսաստղը 2014 թ.–ի մայիսի 24–ին պետք է անցնի Երկրագնդից 0,05 աստղագիտական միավոր (7,4 մլն կմ) հեռավորության վրա։ Նախկին հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ գիսաստղի անցումը կարող է հանգեցնել հզոր երկնաքարային հոսքի, գիսաստղի պոչի փոշիացած մասնիկները կայրվեն` հայտնվելով Երկրագնդի մթնոլորտում, ինչի արդյունքում կարող են բազմաթիվ «ընկնող աստղեր» առաջանալ։ Սակայն այս երևույթի հստակ մասշտաբն ու ժամկետները չէին ճշտվում։
Հոսքն իր «հզորության» գագաթնակետին կհասնի մայիսի 24–ին Գրինվիչի ժամանակով ժամը 06։29–ին (Երևանի ժամանակով ժամը 10։29), ինչը նշանակում է, որ հոսքը տեսնելու լավագույն պայմանները Հյուսիսային Ամերիկայում են, որտեղ այդ ժամանակ գիշեր կլինի։–0–