ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռոսպոտրեբնադզորն աջակցություն կցուցաբերի Հայաստանի առողջապահության ծառայություններին լաբորատոր սարքավորումների, ախտորոշիչ սարքերի և պատվաստուկների անհատույց մատակարարումների տեսքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով չորեքշաբթի ռուսական գերատեսչության կայքում հրապարակած հաղորդագրությունը:
Հոկտեմբերին Ռոսպոտրեբնադզորը և Հայաստանի առողջապահության նախարարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի բնագավառում:
Ռոսպոտրեբնադզորը նշում է, որ հուշագրի դրույթները ենթադրում են երկու պետությունների տարածքում ինֆեկցիոն հիվանդությունների տարածման վերաբերյալ տեղեկությունների փոխանակում, լաբորատոր ախտորոշման և ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման մասնագետների պատրաստման բնագավառում փոխգործակցություն: Առողջապահության ծառայություններն իրենց առջև վարակների տարածմանը խոչընդոտելու խնդիր են դնում:
«Հուշագրի դրույթների պրակտիկ իրագործումն իրական քայլ կդառնա Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության ճանապարհին՝ բնակչության առողջության պահպանման համատեղ քայլերի իրականացման գործում»,- նշում է գերատեսչության կայքը: -0-