ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների և ուսանողների կոնֆերանս կանցկացվի Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 21-25-ին Երևանում տեղի կունենա ԱՊՀ երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների կոնֆերանս՝ «Երկնքի իրական և վիրտուալ ուսումնասիրություններ» թեմայով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայկական աստղագիտական միությունից:
«Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն ինչպես աստղագիտական նորագույն արդյունքներն ու տվյալները, այնպես էլ շրջահայությունները, տվյալների շտեմարանները և վիրտուալ աստղադիտարանները», - նշվում է տեղեկատվության մեջ:
Կոնֆերանսը կազմակերպվում է առաջին տիեզերական թռիչքի 50-ամյա միջոցառումների շրջանակներում: Կոնֆերանսի մասնակիցները հանդես կգան իրենց մագիստրոսական կամ թեկնածուական թեզերի և հետազոտությունների թեմաներով: Կանցկացվեն նաև գործնական պարապմունքներ, կկազմակերպվի այցելություն Բյուրականի աստղադիտարան
Մասնակիցների թվում են շուրջ 50 ուսանողներ, երիտասարդ գիտնականներ և դասախոսներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Վրաստանից:
Կոնֆերանսը ֆինանսավորվում է Ռուս-հայկական համագործակցության հիմնադրամի կողմից:-0-