ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանին այս պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Սիմոնյանը վերընտրվել է ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնում երեքշաբթի տեղի ունեցած ԵՊՀ խորհրդի նիստի ընթացքում, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկա հինգ տարիներին Մայր բուհն ունենալու է լուրջ ձեռքբերումներ:
«Բոլորիս ակնկալիքը շատ մեծ է: Մենք ուզում ենք տեսնել բարձր կարգի հայկական պետական համալսարան: Սա է մեր ցանկությունը, և ես իմ կողմից, Կառավարությունն իր կողմից վստահ ենք, որ խորհրդի բոլոր անդամներն անելու են ամեն ինչ, որպեսզի մենք այս նպատակին հասնենք», - մեջբերեցին Սարգսյանի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով ԵՊՀ ռեկտոր է ընտրվել Արամ Սիմոնյանը, ում թեկնածությանը կողմ է քվեարկել 60, դեմ` 7 խորհրդի անդամ, 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Այսպիսով, Սիմոնյանը, ով ԵՊՀ ռեկտորի պաշտոնն է զբաղեցնում 2006 թ.-ից, կշարունակի աշխատել այս պաշտոնում առաջիկա հինգ տարվա ընթացքում:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը ծնվել է 1955թ.-ին։ 2006թ.-ից զբաղեցրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է, պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։
Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է 1919թ.-ին։ Մինչ օրս Հայաստանի խոշորագույն բուհն ավարտել է շուրջ 90 հազար մարդ։ -0-