Հայաստանը գերազանցում է հարևան Վրաստանին և Ադրբեջանին գիտության վիճակը որոշող ցուցանիշներով, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
«Չնայած առկա բարդություններին՝ ես կարող եմ ասել, որ մեր գիտությունը, որը հատկապես ֆունդամենտալ է, գտնվում է բավական բարձր մակարդակում: Եվ դա են վկայում միջազգային կառույցների տվյալները»,- ասաց նա:
Մասնավորապես, Մարտիրոսյանը նշեց 2010թ.-ի ընթացքում գիտության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի տվյալները, որոնց համաձայն, Հայաստանում 4114 գիտական աշխատող կա, իսկ գիտության պետական ֆինանսավորումը կազմում է շուրջ 23 մլն դոլար, Ադրբեջանում 11,2 հազար գիտնական կա, (ֆինանսավորումը՝ $114, 387 մլն), Վրաստանում՝ 8 հազար գիտնական:
«Միաժամանակ, Հայաստանի գիտական արդյունքների ցուցանիշը կազմում է 544 միավոր, Ադրբեջանինը՝ 292 միավոր, Վրաստանինը՝ 382 միավոր: Դա խոսում է այն մասին, որ մեր գիտությունը, չնայած մյուս պետությունների համեմատ վատ պայմաններին, լավ արդյունքներ է տալիս»,- ընդգծեց նա:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց ԳԱԱ նախագահը, հայկական գիտությունը լուրջ բարդություններ է կրում, որոնք մասնավորապես կապված են հնացած գիտահետազոտական բազայի արդիականացման անհրաժեշտության հետ:
«Բացի այդ, կարևորագույն խնդիրներից մեկը գիտական գործունեության մեջ երիտասարդությանը ներգրավելն է: Պետք է, որ այն աշխատանքը, որին պետք է իր կյանքը նվիրի երիտասարդ գիտնականը, գրավիչ լինի, դրա համար անհրաժեշտ է ժամանակակից և հետաքրքիր գիտական նախագծեր ստեղծել: Մյուս կողմից, անհրաժեշտ է լուծել գիտական աշխատողների սոցիալական խնդիրները, իսկ դա արդեն պետության խնդիրն է»,- հայտնեց նա:
Հայաստանի գիտական ոլորտի խնդիրների թվում Մարտիրոսյանը նաև նշեց գործնականում գիտական աշխատանքների արդյունքների չափազանց անբավարար կիրառումը:
«Մեր ձեռնարկատերերի համար նորարարական արտադրությունը դեռ առաջնային չի համարվում, քանի որ այսքան փոքր ներքին շուկայի պայմաններում նորարարական արտադրության ծախսերի հետ կապված ռիսկերը մեծ են, իսկ միջազգային շուկա դուրս գալու համար միջազգային պատենտներ են հարկավոր, ինչը մեծ ծախսերի հետ է կապված»,- ասաց նա:
Ըստ ԳԱԱ նախագահի, այսօրվա դրությամբ Հայաստանի գիտության զարգացման հիմնական ճանապարհներից մեկն է մնում միջազգային համագործակցությունը:
«Գիտական արդյունքների կեսը ձեռք է բերվում արտասահմանյան ինստիտուտների հետ համագործակցության արդյունքում»,- ընդգծեց նա: -0-