Ռուս օդաչու և տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Բալանդինը մտադիր է Երևանի ռուսական մշակութային և գիտական կենտրոնին նվիրել տիեզերքից նկարված Արարատ Լեռան, Երկրագնդի և այլ օբյեկտների լուսանկարները:
Բալանդինը հունիսի 1-4-ը գտնվում է Հայաստանում «Տիեզերական ոդիսական» միջազգային կրթական ծրագրի շրջանակներում: Նախօրեին նա այցելել է Բյուրականի աստղադիտարան, իսկ հինգշաբթի հանդիպել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աշխատակազմի, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների, մանկավարժների հայկական ասոցիացիաների, Ռուսական բուհերի շրջանավարտների միության ներկայացուցիչների հետ:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցած «Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաները կրթության մեջ. զարգացման հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի շրջանակներում տիեզերագնացը նշել է, որ շատ ուրախ է, որ Հայաստանում է:
«Այստեղ գալուց ես ինձ հետ վերցրեցի Երկրագնդի, տիեզերքի, Արարատ լեռան տիեզերական լուսանկարները», - ասաց Բալանդինը:
Նա պատմեց, որ դեպի տիեզերք կատարած թռիչքների ընթացքում նկարել է շուրջ 600 նկար, գրել է բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք ներառվել են «Երկրագնդի մասին երկրագնդից դուրս» իր օրագիր-ամսագրում, որը նախատեսվում է հրապարակել 2-3 ամսից:
Մանկավարժների հետ զրույցի ընթացքում Բալանդինը բարձր գնահատեց այն փաստը, որ 2011 թվականը ՄԱԿ-ի կողմից Ռուսաստանում հայտարարվել է Տիեզերքի տարի և Դեպի տիեզերք առաջին մարդու թռիչքի տարի:
Նա ընդգծեց, որ տիեզերք կատարած նույնիսկ մեկ թռիչքն ի զորու է ամբողջովին փոխել կյանքի նկատմամբ աշխարհայացքը, մարդկանց դարձնել ավելի մարդկային և հանդուրժող:
Բարձր գնահատելով մանկավարժի աշխատանքը՝ տիեզերագնացը նշեց, որ կարևոր չէ, թե ինչ մասնագիտություն կընտրի աշակերտը, ավելի կարևոր է նրան պրոֆեսիոնալ դաստիարակել:-0-