Պատանի հայ աստղաֆիզիկոսները կմասնակցեն Ալմաթիի միջազգային օլիմպիադային

06.05.2011, 18:43
Պատանի հայ աստղաֆիզիկոսները կմասնակցեն Ալմաթիի միջազգային օլիմպիադային

Երեք պատանի աստղաֆիզիկոսներ Արամ Մկրտչյանը, Վահան Ասլանյանը և Վիրաբ Գևորգյանը կմասնակցեն Ալմաթիում կայանալիք միջազգային օլիմպիադային, որը կանցկացվի սեպտեմբերի 22-30-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Հայկական աստղագիտական ընկերությունից:

«Հայ դպրոցականներն ավանդաբար բարձր դիրքեր են զբաղեցնում միջազգային օլիմպիադաներին: Մինչ օրս նրանք նվաճել են վեց ոսկե, չորս արծաթե և 10 բրոնզե մեդալ, և թիմային հաշվարկով օլիմպիադաների 15-ամյա պատմության ընթացքում լավագույն հավաքականներից մեկն են համարվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ալմաթիի օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող դպրոցականներն ընտրվել են աստղագիտության հանրապետական օլիմպիադայի արդյունքում, որն անցկացվել է մայիսի 5-ին Բյուրականի աստղադիտարանում: ՀՀ բոլոր մարզերից օլիմպիադային մասնակցել է 28 դպրոցական: -0-