ՀՀ վարչապետը գիտության զարգացմանն առնչվող հարցեր է քննարկել ՌԴ ԳԱ ակադեմիկոսի հետ

14.04.2011, 10:31
ՀՀ վարչապետը գիտության զարգացմանն առնչվող հարցեր է քննարկել ՌԴ ԳԱ ակադեմիկոսի հետ
ՀՀ վարչապետը գիտության զարգացմանն առնչվող հարցեր է քննարկել ՌԴ ԳԱ ակադեմիկոսի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ի միջազգային փորձագիտական խորհրդակցական մարմնի անդամներին` ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀԻՄ) Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի գլխավորությամբ:

ՀՀ կառավարությունը 2010թ. հունիսի 17-ի նիստում հավանություն էր տվել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ի վերանվանված «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հեռանկարային զարգացման ուղղությունների վերաբերյալ զեկույցին:

Ինչպես նշում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից,  ողջունելով հյուրերին` վարչապետը շնորհակալություն է հայտնել Յուրի Հովհաննիսյանին խորհրդի ձևավորման հարցում գործուն մասնակցության համար և բարձր գնահատել անվանի ակադեմիկոսի կողմից ՀՀ-ում գիտական ներուժի հետազոտության  նախաձեռնումը գիտության զարգացման առաջնահերթությունների սահմանման համատեքստում: Արդյունքում, ըստ Տիգրան Սարգսյանի, կարևորագույն որոշումներ կայացվեցին Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ համագործակցության և նոր արագացուցիչների ձեռքբերման վերաբերյալ:

Ակադեմիկոս Հովհաննիսյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել խորհրդակցական մարմնին անդամակցող միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին, ովքեր խոսել են  Ազգային գիտական լաբորատորիայի հեռանկարային զարգացման և գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացման իրենց մոտեցումների մասին:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գործունեության ուղղություններին առնչվող հարցեր: Այդ համատեքստում առանցքային է համարվել միջուկային բժշկության զարգացմանն ուղղված  ծրագրերի իրականացումը:

Վարչապետ Սարգսյանը կարևորել է լաբորատորիայի գործունեության հստակ մեթոդաբանության սահմանումը և անհրաժեշտ համարել ՀՀ գիտության պետական կոմիտեի ու միջազգային փորձագիտական խորհրդակցական մարմնի համագործակցությունը: --0-