Խորհրդային լեգենդար տիեզերագնացներն ապրիլի սկզբին կայցելեն Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Անվանի տիեզերագնացներ, Խորհրդային Միության կրկնակի հերոսներ Ալեքսեյ Լեոնովը, Գեորգի Գրեչկոն և Վլադիմիր Ջանիբեկովը Յուրի Գագարինի կողմից կատարած առաջին տիեզերական թռիչքի 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի սկզբին կայցելեն Հայաստան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայկական աստղագիտական ընկերության փոխնախագահԱրեգ Միքայելյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում մի շարք միջոցառումներ են պատրաստվում՝ նվիրված մարդու կողմից կատարած առաջին տիեզերական թռիչքի 50-ամյակին: Մասնավորապես, ըստ ՀՀ ԳԱԱ նախագահության և «Ռուսհամագործակցության» միջև կնքած համաձայնագրի, ապրիլի 12-ին ՀՀ ԳԱԱ նախագահության փոքր դահլիճում տեղի կունենա հանդիսավոր գիտական նստաշրջան, որտեղ կլսվեն մի շարք զեկուցումներ:
Դրանից մեկ օր առաջ` ապրիլի 11-ին, Բյուրականի աստղադիտարանի գիտաժողովների դահլիճում տեղի կունենա երիտասարդական սեմինար, որին կմասնակցեն ընտրված աշակերտներ և ուսուցիչներ», - նշել է Միքայելյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի նաև ԱՊՀ երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների Գագարինյան միջազգային գիտաժողով` «Բյուրականի պարզ երկնքի տակ» անվանմամբ: Անցկացման ամսաթվի մասին կտեղեկացվի ավելի ուշ:
Մի շարք դպրոցներում կանցկացվեն գագարինյան ընթերցումներ և այլ միջոցառումներ:-0-