ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ընդլայնված նիստը:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԳԱԱ մամլո կենտրոնից, նիստին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ նախագահ, հոգաբարձուների խորհրդի համանախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, հիմնադրամի գլխավոր տնօրեն Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանը և ՀՀ ԳԱԱ գիտական կենտրոնների և ինստիտուտների ղեկավարները:
Նիստի ընթացքում կքննարկվեն ՀՀ ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամի ռազմավարական ծրագրի հետևյալ խնդիրները: Դրանց թվում՝ աջակցությունը համակարգի գիտական կազմակերպություններում ստացված արդյունքների ներդրմանը և կոմերցիալիզացիային, ակտիվ մասնակցությունը հանրապետությունում տարվող ներդրումային, վենչուրային և ինովացիոն քաղաքականության իրականացման գործընթացներին, համակողմանի վերլուծությունների արդյունքում հանրապետության գիտության գերակա ուղղությունների շրջանակներում ՀՀ ԳԱԱ համակարգում տարվող հետազոտությունների արդյունքների հիման վրա բիզնես-ծրագրերի ստեղծումը և դրանք ՀՀ կառավարությանը և շահագրգիռ կառույցներին ներկայացնելը, երիտասարդների գիտական հետազոտությունները խրախուսելու նպատակով հատուկ ծրագրերի և դրամաշնորհների կազմումը:
Նիստի օրակարգում ընդգրկված են նաև սփյուռքի հայ գիտնականների հետ կապերը սերտացնելու, գիտաժողովներ, սեմինարներ կազմակերպելու, հայ գիտնականների բանկ ստեղծելու հարցերը, ինչպես նաև Հայաստանի դպրոցներում և ԲՈՒՀ-երում հայագիտության հրատապ հիմնահարցերի լուծման նպատակով առանձին գումարների հատկացումը: --0—